«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մի խումբ դիմակավորված անձինք, հիմնարկի աշխատակիցների հետ, մտել էին 5-րդ հարկում գտնվող ցմահ դատապարտյալների խցեր և առանց որևէ բացատրություն տալու՝ սկսել էին ծեծի ենթարկել դատապարտյալներին։ Հիմնարկի աշխատակիցները «դուբինկեքով» ծեծել էին դատապարտյալներին, թափել ուտելիքը, խուզարկել խցերը։ Ծեծի ենթարկելու փաստը Քրեակատարողական ծառայությունն ու արդարադատության նախարարությունը փորձում էին կոծկել՝ ներկայացնելով իրավիճակն այն տեսանկյունից, թե պառակտում հրահրող դատապարտյալին փորձել են տեղափոխել այլ հիմնարկ, նրան պաշտպանել են այլ կալանավորներ, ինչն էլ պատճառ է եղել այդ իրավիճակի։ Հատուկ ծառայողների գործողությունների ընթացքում 2 ցմահ ազատազրկված վնասվածք էր ստացել, մեկը հացադուլ էր հայտարարել։
Քրեակատարողական ծառայությունից հաղորդում են. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»։
Ի դեպ, ըստ լուրերի, ցմահների ջարդին նախապես տեղյակ են եղել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ցմահներին ծեծի ենթարկելու համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ թեպետ իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել, սակայն դա ոչ թե ծեծողներին, այլ ծեծվողներին պատժելուն է միտված։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին․ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններին մասնակցելու և քրեակատարողական հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` 327֊րդ հոդվածի 1֊ին մասով և 454֊րդ հոդվածի 2֊րդ մասով: Կատարվում է նախաքննություն»:
Հոդվածները, որով քրեական վարույթներ են նախաձեռնել, սահմանում են․ «327 հոդված՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը և 454-րդ հոդվածը՝ պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը»։
Ստացվում է՝ քրեական օրենսգրքի այս հոդվածներով, որով վարույթ է նախաձեռնվել, ազատազրկված անձանց, այն էլ ցմահ ազատազրկվածներին են փորձում կրկին պատժել։ Առաջիկայում մենք կհետևենք` արդյո՞ք կպատժվեն ջարդարարները և նրանց հրահանգներ տված անձինք, թե դատապարտյալները»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում