26 Նոյեմբերի, 2022
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։  Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։

Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում,  չի տուժել։  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լրահոս