7 Դեկտեմբերի, 2018

 Գեղարքունիքի  մարզում տիրող նախընտրական տրամադրությունները այս օրերին բավականին ուշագրավ փուլ են մտնում: 
Պետք է նշել, որ հատկապես այս մարզում, բավականին հետաքրքիր ընտրապայքար է սպասվում, քանի որ թեկնածուների ու հայտերի խիստ առատություն ու բազմազանություն է նկատվում:                                             

  Mnews.am-ի  զրուցակիցն է  «Ծառուկյան դաշինք»-ի անդամ, ՀՀ ԱԺ ընտրություններին Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սողոմոն Սողոմոնյանը:

-Պարո՛ն Սողոմոնյան, առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ԲՀԿ-ն առաջադրել է Ձեր թեկնածությունը: Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին:
 – Այս ընտրություններն ինձ համար շատ կարևոր են, քանի որ քաղաքական նոր կանոններ ի հայտ եկան։ 2017թ. ընտրություններով ձևավորված և այժմ հեռացող  խորհրդարանը, ըստ էության, քաղաքական աղբանոց էր: Այդ ԱԺ-ում քաղաքական հայացքներ կրողների խումբը ծայրաստիճան փոքրաթիվ էր: Մինչդեռ քաղաքական հայացքներն են ամրություն տալիս թիմերին, մանավանդ քաղաքական այնպիսի մարմնում, ինչպիսին խորհրդարանն է: Նրանց մի մասն անմիջապես դավաճանեց, մի մասը հասարակական փոփոխություններին անհաղորդ մնաց և այլն: Նման մարդկանց տեղը քաղաքականության աղբանոցն է:Իհարկե, հասարակական զարգացման տեսակետից լավ է, որ հին համակարգը հեռացավ, բացվում են առաջընթացի, ազգային վերածննդի նոր հնարավորություններ:

  -Պարոն Սողոմոնյան, ինչպիսի՞ ակնկալիք ունի Ձեր ներկայացրած քաղաքական ուժն առաջիկա ընտրություններից։ 

 – Իմ ներկայացրած  քաղաքական ուժը միանշանակ կարող է կրել պատասխանատվություն այս երկրում տեղի ունեցող գործընթացների համար: Գործող իշխանությունը տարիներ շարունակ մեզ խաբել է բոլոր առումներով: Մենք այս տարիների ընթացքում արձանագրել ենք հետընթաց բոլոր ոլորտներում:

-Որո՞նք են այսօր Գեղարքունիքի մարզի առջև ծառացած ամենացավոտ խնդիրները, և ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել ընտրվելուց հետո:
-Ծրագրերի մասին շատ ժամանակ կպահանջվի խոսելու համար։ Առանձնահատուկ իմ ուշադրության կենտրոնում է լինելու այն ամենը, ինչը որևէ կերպ առնչվելու է մարզի գրեթե բոլոր համայնքներին։ Բնակիչներն առայժմ բարեմաղթանքներ են ուղղում, պահանջները լինելու են հետո։ Ու նրանց խնդիրների լուծումը լինելու է իմ գործունեության առանցքում։ Կան բազում խնդիրներ, որոնց լուծման համար պետք է ուղիներ մշակենք և քայլ առ քայլ լուծելով այդ խնդիրները հասցնել դրանք նվազագույնի: 
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 36 կետից բաղկացած ծրագրով, ըստ Ձեզ` որո՞նք են ծրագրի կարևորագույն դրույթները:
-Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ԱԺ պատգամավորության թեկնածու, առանձնացնում եմ երկու կարևորագույն խնդիր. առաջինը` Արցախի անվտանգությունն է, երկրորդը` Հայաստանի տնտեսության զարգացումը: Դրանք ամենակարևոր և առաջնային խնդիրներն են, որոնց պետք է ամենայն ուշադրությամբ վերաբերվել: Մնացած բոլոր խնդիրները բխում են այդ երկու կարևորագույն խնդիրներից:
Ականատեսն եղանք  նախկինում իշխանության  անգործությանը, պատերազմական իրավիճակ և սոցիալ-տնտեսական դժվարություններ։  

Մենք տեսանք, որ նույնիսկ այս ոլորտում ոչինչ չի արվել, և որ զինվորը կռվում է «80-ականների զենքով»: Համատարած թալանը, որն անշուշտ, իր բոլոր յուրահատկություններով հանդերձ, կար և կա նաև մեր Զինված ուժերում, հանգեցրեց բազմաթիվ մարդկային զոհերի և տարածքային կորուստների: 
Ելնելով այս տխուր իրականությունից՝ մենք առաջիկա ընտրությունները դիտարկում ենք ևս մեկ հնարավորություն հասնելու արմատական բարեփոխումների:

-Իշխող ուժն այս ընտրատարածքում վարչական լծակների գործադրում, որի մասին շատ խոսվեց մամուլում ,կամ նրանց՝ նախկին իշխանության սպասարկուների աջակցություն նկատե՞լ եք։

-Այդ երեւույթը միշտ է եղել, երբ որոշ մարդիկ անկախ նրանից, թե ով է իշխանությունը եւ ինչպիսի գաղափարախոսություն ու ծրագիր ունի , սեփական անձի ապահովությունը, անձեռմխելիությունը նկատի ունենալով նպատակով՝ գնում են օրվա իշխանությունների հետևից։ Կարծում եմ ժողովուրդը հստակ գիտի թե ով է աթոռակռիվ անում ,թե ով իսկապես աշխատելու ․․․

– Դուք հարգված և սիրված անձնավորություն եք Ձեր մարզում, Ձեր աշխատանքը տարիներ շարունակ տեսել է մարզի բնակչությունը և գնահատել, ո՞րը կարող եք համարել Ձեր հաջողության բանաձևը:
-Որպես թեկնածու և մարզի բնակիչ, ես միշտ հասանելի եմ եղել իմ ընտրողի համար և անգամ ընտրվելու դեպքում երբեք չեմ փորձի սեպ խրել իմ և ընտրողներիս միջև:
 
-Ինչպիսի՞ արժեքներ կան կյանքում, որոնք Ձեզ համար անփոխարինելի են:
-Ինձ համար կյանքում կարևոր արժեքներ են ընտանիքը, հայրենիքը և հավատքը:
Հայրենիքը, հավատքը և ընտանիքը բացարձակ արժեքներ են, որոնք ամեն ինչից վեր են:
 -Քարոզարշավի վերջին օրն էր, ի՞նչ ռազմավարություն մշակեցի՞ք և ներկայացա՞ք հանրությանը:                                           
                 
-Ավանդույթի համաձայն քարոզարշավը սկսել եմ իմ հայրենի գյուղից: Այժմ քարոզարշավն անցկացնում եմ Մարտունու տարածաշրջանով և հարակից գյուղերով: Ասեմ, որ Գեղարքունիքի մարզում քարոզարշավն անցնում է հանգիստ մթնոլորտում, չկա որևէ լարվածություն, որևէ խոչընդոտ և որևէ ուղղորդում: Շատ ողջունելի է, որ ժողովուրդն իր կամքն ազատ դրսևորելու հնարավորություն ունի, որն արդեն տեսանելի կլինի դեկտեմբերի 9-ին:
 -Իսկ ինչպե՞ս կգնահատեք նախընտրական պայքարը:

– Կուսակցությունների ղեկավարների մի մասը, իհարկե, գիտակցում է, որ իրենց ցուցակներն ամոթալի են: Այն մասամբ շտկելու համար փորձել են մի քանի «փորձառու» դեմքեր խցկել ցուցակների մեջ: Անուններ չեմ տալիս, բացեք ցուցակները, նրանց դեմքերն անմիջապես կերևան: Դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք կարող են ժամերով խոսել՝ այդպես էլ ոչ մի  գործնական գաղափար չներկայացնելով: Երևի հենց դրանով էլ  գրավել են կուսակցապետերին:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու հնարավորությունները:

– Չմոռանանք, որ մենք ապրում ենք 2018 թվականի մայիսի 8-ից հետո ստեղծված Նոր Հայաստանում և այստեղ մեծամտությունն ու «դաբռոները», սուտ խոստումները, երևակայական պատկերացումները, մեծ-մեծ խոսելը չունեն իրենց տեղը: Առաջ Աստված: Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ և առաջնորդվում եմ քրիստոնեական բարոյախոսության սկզբունքներով:

Ես չեմ գնում ընտրություններին ընդառաջ, որ ներկայացնեմ իմ անցյալը կամ ներկան, ես գնում և վստահ քայլերով առաջ եմ շարժվում ներկայացնելու մեր մարզի ապագան: Մաղթում եմ իմ ընտրողներին որպեսզի չհուսահատվեն, չհուսալքվեն, իրենց համարեն 2018 թվականի նոր Հայաստանի արդար քաղաքացիներ, իրենք են որոշելու թե ում տան իրենց քվեն և ում են վստահելու քաղաքի ծառայությունը:  Բոլորիս մաղթում եմ հաջող ընտրություններ:

Mnews.am

kotayk

Լրահոս