26 Փետրվարի, 2023

Արմավիրի մարզի  Մեծամոր համայնքի ղեկավար  Վահրամ Խաչատրյանը Mnews.am -ի հետ  զրուցել է մեկ տարվա ընթացքում համայնքում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին:

 -Պարոն Խաչատրյան,արդեն մեկ տարի է զբաղեցնում եք Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։Ամփոփելով  մեկ տարվա գործունեությունը՝ ըստ Ձեզ՝ որքանով էր արդյունավետ խոշորացումը,ի՞նչ ծրագրեր ունեք  իրականացրած և ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել  այս ժամանակահատվածում։

-Խոշորացումն իր արդյունքն տալիս է,նախկինում ինչպես գիտեք,եղել եմ համայնքի ղեկավար,շատ լավ տիրապետելով համայնքային խնդիրներին,գտնում եմ,որ ամենալավ և ամենաարդյունավետ մշակված մոդելն էր խոշորացումը համայնքների համար։Այս պահին  ունենք կառավարության կողմից հաստատաված մեծ թվով սուբվենցիոն ծրագրեր,որոնց մի մասն արդեն մեկնարկել է,ինչպես նաև  համայնքային միջոցներով իրականացվող նոր ծրագրեր,որոնք ընթացքի մեջ են։Այս մեկ տարին շատ արդյունավետ էր,միևնույն ժամանակ՝ ծանրաբեռնված։Ունենք 30 բնակավայր և Մեծամոր քաղաքը։Նախորդ տարիներից  կիսատ մնացած բոլոր ծրագրերն այս տարի  իրենց ավարտուն տեսքին կգան։

-Ի՞նչ խնդիրներ ունեն համայնքի բնակիչները։Ի՞նչ հարցերով են հաճախակի հանդիպումները  բնակիչ-համայնքի ղեկավար կապը։

-Համայնքի ղեկավարի մոտ  ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով,կա բնակիչների ընդունելության օր,սակայն ընդունելություն տեղի է ունենում շաբաթվա ընթացքում աշխատանքային օրվա ցանկացած ժամի կարող է բնակիչը մտնել համայնքի ղեկավարի մոտ իր հարցերն ուղղելու և պարզաբանումներ ստանալու։Ինչ վերաբերում է խնդիրներին, դրանք տարաբնույթ են՝ վերաբերում են լուսավորությանը,քաղաքաշինությանը,ճանապարհաշինարարական աշխատանքներին,խմելու ջրի,ոռոգման համակարգի խնդիրներին,աղբահանության աշխատանքներին։Բոլոր ոլորտներում առկա են  խնդիրներ,որոնք փորձում ենք շուտափույթ  լուծում տալ։Հաճախակի այցելում ենք վարչական շրջաններ,հանդիպումներ ենք ունենում բնակչության հետ,՛ծանոթանում ենք առկա խնդիրներին և արագ լուծում ենք տալիս դրանց։

Մեզ համար ամենակարևոր սկզբունքերից մեկը բնակիչներին ծառայելն է,նրանց խնդիրներին լուծում տալը մեզ համար առաջնային նպատակ է։

Մի փոքր պատմեք համայնքում իրականացվող կրթական,մշակութային,սպորտային ծրագրերի մասին։

-Նշեմ,որ համայնքում մի շարք միջոցառումներ ենք իրականացնում։Կրթական բազմազան ծրագրեր ունենք։Մշակութային կյանքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել և շարունակում են տեղի ունենալ։Մեծամոր համայնքի երեխաների համար մանկապարտեզներում  հարմարավետ պայմանների,անվտանգ ու մաքուր միջավայրի ապահովումը համայնքապետարանի առաջնային կարևորության հարցերից է։

-Գիտենք նաև,որ սոցիալապես անապահով ընտանիքները մշտապես գտնվում են Ձեր ուշադրության կենտրոնում։Ինչպիսի՞ աջակցություն են  ստանում նրանք համայնքապետարանի կողմից։

-Գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ,որոնց համապատասխանելու դեպքում սոցիալապես անապահով ընտանիքները համապատասխան աջակցություն են ստանում համայնքապետարանի կողմից։Մենք փորձում ենք ամեն ինչ անել,որպեսզի հնարավորինս աջակցենք համայնքի անապահով խավին՝ թեթևացնելով նրանց խնդիրները։

-Պարո՛ն Խաչատրյան,որո՞նք են մեկ տարվա ընթացքում գրանցված կարևորագույն ձեռքբերումները։

-Մենք համայնքի համար կարևոր ձեռքբերումներ ունենք բոլոր ոլորտներում։Համայնքում լայն թափով իրականացվող բարեկարգման աշխատանքները,որոնք նպաստեցին մի շարք կենսական նշանակության խնդիրների լուծման,թերևս,տարվա ամենակարևոր ձեռքբերումներն են։

-Ի՞նչ սուբվենցիոն ծրագրեր են մշակվել և իրականացվել համայնքի կողմից 2022 թվականին,և ի՞նչ անելիքներ ունեք 2023 թվականին։

-Համայնքի կողմից 2022 թվականին ներկայացվեց 9 ծրագրային սուբվենցիոն  հայտ,որոնք բոլորն էլ հավանության արժանացան Կառավարության կողմից։Բացի սուբվենցիոն ծրագրերից մի շարք խնդիրներ իրենց լուծումը ստացան համայնքային միջոցներով և պետական ծրագրերով։Իսկ արդեն 2023 թվականի համար ներկայացրել ենք 6 ծրագրային հայտ,որոնք նունպես հավանության են արժանացել Կառավարության կողմից։Հայտերն ունեն ոլորտային տարանջատումներ։Ծրագրով նախատեսվում է 3900 գծամետր ճանապարհի վերանորոգում,որից Բամբակաշատ-Հայկավան 2500 գծամետր,Բամբակաշատ Նոր Արմավիր 800 գծամետր,Նորապատ  բնակավայրի 8-րդ փողոցը 600 գծամետր։2023 թվականին նախատեսվում է իրականացնել Հայկավան և Շենավան բնակավայրերի մանկապարտեզների կառուցման,Բամբակաշատ բնակավայրերի  մանկապարտեզի վերանորոգման,Ակնալիճ բնակավայրի մանկապարտեզի մասնակի վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման,Արազափ,Եղեգնուտ և Ջանֆիդա բնակավայրերի մանկապարտեզների ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ։Հասարակական նշանակության  շենք շինություններից ընտրվել է Մեծամոր քաղաքի մշակույթի տունը,որի մեծ դահլիճը հիմնանորոգվելուց հետո նոր լուսավորությամբ և կահավորմամբ պատրաստ կլինի ընդունել շուրջ 800 հանդիսատես։Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը ևս ամբողջովին վերանորոգվելու է։Դպրոցն ունի  մոտ 150 սան։2023 թվականի սուբվենցիոն ծրագրով  նախատեսվում է նաև Մեծամոր քաղաքում թվով 8 բազմաբնակարան շենքերի վերելակների փոխարինում։

Վերելակները գտնվում են անմխիթար վիճակում,այդ իսկ պատճառով ոչ թե վերանորոգվում են,այլ փոխարինվում են նորերով։2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Մեծամոր համայնքի 18 բնակավայրում՝ Ալաշկերտ,Ամասիա,Արգավանդ,Արևիկ,Բամբակաշատ,Գետաշեն,Հայկավան,Մրգաշատ,Նալբանդյան,Նոր Արմավիր,Նոր Արտագերս,Նոր Կեսարիա,Շենավան,Ջանֆիդա,Ջրաշեն,Վարդաշեն,Տարոնիկ և Փշատավան խմե;լու ջրի մատակարարման ցանցերի կառուցում,որը կարծում եմ հիմնարար ծրագիր է և այս մասով մենք կունենանք անխափան ջրամատակարարում։2023 թվականին 17 բնակավայրերում Եղեգնուտ,Արտաշար,Վարդաշեն,Արազափ,Արգավանդ,Մրգաշատ,Մարգարա,Արմավիր,Տարոնիկ,Փշատավան,Բամբակաշատ,Շենավան,Երասխահուն,Նոր Արմավիր,Այգեշատ,Ակնալիճ,Ջրաշեն նախատեսվում է իրականացնել 18 խորքային հորերի վերականգնում։

-Պարոն Խաչատրյան 2022 թվականի ընթացքում  աշխատանքային այցեր եք կատարել Ֆրանսիա և Գերմանիա։Ի՞նչ արդյունքներ ունեցաք Մեծամոր քաղաքի համար այցի շրջանակներում։

-Այո, աշխատանքային այցով գտնվել եմ Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում,որտեղ մասնակցում էի Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին։

Համաժողովը կազմակերպվել էր Լիոնի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (cités unies france) կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների աջակցությամբ։

Համաժողովը հնարավորություն կընձեռի նոր համագործակցության եզրեր գտնել Մեծամոր համայնքի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարվող միավորների միջև՝ էլ ավելի սերտացնելով հայ-ֆրանսիական շարունակական ընկերությունն ու համագործակցությունը, նոր հնարավորություններ առաջ կբերի ապագա զարգացումների և համատեղ աշխատանքների համար։

-Պարոն Խաչատրյան,բնակիչները բողոքում են աղբահանությունից,ինչո՞վ է պայմանավորված,որ քաղաքում աղբահանություն հարցը մեծագույն խնդիր է դարձել բնակչության համար։

-Աղբահանության աշխատանքները իրենց ստաբիլ ընթացքի մեջ են, իսկ խնդիրները վերացված։Մեծամոր համայնքի 30 գյուղերում մեկնարկել ենք աղբահանության և սանիտարական մաքրման լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա շաբաթներում: Այս նախաձեռնության շնորհիվ համայնքի ընդհանուր օգտագործման տարածքները կմաքրվեն ոչ միայն կենցաղային աղբից այլ նաև տերևակույտերից, փոշուց, արտադրական սպառման թափոններից: Կիրականացվեն նաև մայթերի և ճանապարհների մաքրման աշխատանքներ: Ասեմ ավելին, համայնքում արդեն նորացված տեխնիկայով շարունակվելու է բնակչության կենցաղային աղբի ամենշաբաթյա աղբահանությունը:

Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, որը հիմք կդնի մեր մաքուր համայնքի ստեղծմանը:

-Մեծամոր համայքն ունի՞ ՀԿ-ների հետ համագործակցություն,թե՞ ոչ։

-Առկա է համայնքի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցություն։Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի հետ գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրը, որում ընդգրկված է նաև Մեծամոր համայնքը։

Ծրագրի շրջանակներում՝ Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի և համայնքային միջոլորտային համագործակցության խմբի կողմից մշակվել է համայնքի տեղական սոցիալական պլան, որի համատեքստում «Հույսի Մեծամոր» ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ՝ համայնքում սոցիալական ծառայությունների տրամադրման համար։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով Մեծամոր քաղաքում կառուցեցինք խաղահրապարակ։Գրեթե հարյուրից ավել երեխա հնարավորություն ունի միաժամանակ օգտվել խաղահրապարակից։Համագործակցության արդյունքում մարզադպրոցը համալրվեց նոր մարզական գույքով։

Մեծամոր քաղաքում ակտիվ ընթանում է «Մարդը կարիքի մեջ» բարեգործական ՀԿ-ի(People in Need) կողմից USID Ամերիկյան կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական նպատակներով կառուցվող հացաբուլկեղենի արտադրամասի վերանորոգման աշխատանքները։ Մասնավորապես ավարտին են հասնում տանիքի, տարածքի կոմունիկացիոն(էլ․ էներգիա, ջրամատակարարում, ջրահեռացում և այլն) և տարածքի ներքին բաժանման աշխատանքները։

-Պարո՛ն Խաչատրյան,ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին այս տարի։

-Երկրում տեղի ունեցած վերջին  իրադարձություններով պայմանավորված մեր ժողովրդին կմաղթեմ խաղաղություն։Թող Աստծո կամոք  իրականանան նրանց բոլոր ցանկությունները՝ ապրեն խաղաղ և ապահով երկրում։

Mnews.am

 

 

kotayk

Լրահոս