3 Մարտի, 2020
«Իրատես» թերթը գրում է.

«Մեր ժողովուրդը հետաքրքիր պահվածք ունի արտակարգ իրավիճակներում։ Կորոնավիրուսի գրանցված առաջին դեպքից հետո հանրության մի հատված տագնապի, խուճապի մեջ է, մյուսները վախը սրտում պատկան մարմիներին են սթափության կոչեր անում, իսկ ամենաանհոգ շերտն իշխանությունն է։

Նրանց անհաղորդ կեցվածքից թվում է, թե աշխարհում մոլեգնող վարակը հեչ բան է, «ում շունն է, որ»։ Ավելին, իշխանության որոշ ներկայացուցիչների ցինիկ հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ գործ ունենք անպատասխանատու, հինգ րոպեում 10 կարծիք փոխող մարդկանց խմբի հետ, որոնք ոչ մի բանի լուրջ չեն վերաբերվում։

Խուճապն ամենամեծ թշնամին է՝ անկախ վտանգի չափից, սթափության կոչը բացառիկ դեպքերում է ժամանակին տեղ հասնում, իսկ անհոգությունն արդեն վտանգավոր է։ Առողջապահության նախարարը հայտարարում է, թե սա շնչառական հիվանդությունների «դասին» պատկանող վիրուս է ու պետք չէ խուճապի մատնվել։ Ենթադրենք, այդպես է։ Բայց ամեն վայրկյան տեղեկության սպասող շարքային քաղաքացին ուզում է, որ ինքն էլ այդ հանգստությունն ունենա, ինքն էլ գիտակցի, որ կորոնավիրուսը գրիպի մի տեսակ է։

Պատկան մարմինն իրեն այդ վստահությունը ներշնչու՞մ է, նա հավատու՞մ է առողջապահության և կառավարության ղեկավարների խոսքերին։ Ողջ խնդիրն էլ այն է, որ այսպիսի դեպքերում առավելագույնս անկեղծ պիտի լինի իշխանությունը հասարակության հետ, հավաստի տեղեկությամբ ամեն վայրկյան լրատվական դաշտը ողողի, կասկածի տեղիք չտա, որպեսզի խուճապի համար ճանապարհ չբացվի։

Մինչդեռ իշխանության մի մարմնից մինչև մյուսը հասնելը նույն տեղեկությունը 5 անգամ փոխվում է։ 5 անգամ էլ դա հրապարակվում է ու հետո հանրության աչքի առաջ վերջնականապես ճշտվում։ Ոլորտից հեռու, վախեցած քաղաքացու վրա դա ի՞նչ տպավորություն կարող է թողնել։ Անպատասխանատվությունը դեռ մի կողմ, քաղաքացին իրավունք ունի՞ մտածելու, որ եթե նրանք իրավիճակին այսպես են տիրապետում, ուրեմն կարող են նաև աչքաթող անել այլ սպառնալիքներ՝ հասարակությանը փաստի առջև կանգնեցնելով։

Այնպես որ, խնդիրը ոչ թե կորոնավիրուսի սարսափելի լինելն է, այլ իշխանության՝ ամեն ինչին մատների «արանքով» վերաբերվելը, ինչը բարերար հող է ստեղծում նաև այն կեղծ տեղեկությունների համար, որոնք մարդկանց խուճապի են մատնում։ Ի դեպ, այս առումով էլ վիճակը նույնն է. մինչ առողջապահության նախարարը կորոնավիրուսով վարակված մեկ դեպքի մասին էր խոսում, տարբեր անհայտ կայքեր ու էջեր տարածում էին 40 վարակված մարդու մասին, ու երբեմն էլ այնպիսի վերնագրերով նյութեր էին սպրդում համացանց, որ տպավորություն էր, թե համաճարակի էպիկենտրոնում ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս