«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Հայաստանի «վերնախավի» երբեմնի ամենաազդեցիկ անձանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերը այնքան էլ լավ չեն:
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած 1000 հարկատուների ցանկում նրա հարազատների վերահսկողության տակ գտնվող առնվազն երեք ընկերություն այս տարվա առաջին եռամսյակում զգալիորեն ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: «Մեգասպորտ», «Մեգաֆուդ» և «Ապեյրոն» ընկերությունները այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում վճարել են ընդհանուր առմամբ՝ 400 միլիոն դրամի հարկ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 453 միլիոն դրամ:
Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությանը, ապա նրա վճարած հարկերը շեշտակի աճել են: Այս տարի «Յուքոմը» վճարել է 1.2 միլիարդ դրամ, անցած տարվա 530 միլիոն դրամի դիմաց: Սակայն պետք է հաշվի առնել, որ անցած տարի «Օրանժ Արմենիան», որը ներկայումս արդեն «Յուքոմի» կազմում է, անցած տարվա առաջին եռամսյակում դեռ հանդես էր գալիս որպես առանձին տնտեսվարող սուբյեկտ, և վճարել էր 782 միլիոն դրամ: Ստացվում է, որ «Յուքոմն» ու «Օրանժը» միասին անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էին 1.3 միլիարդ դրամ, իսկ այս տարի 1.2 միլիարդ: Փաստորեն, այս դեպքում ևս ունենք հարկերի նվազում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում