3 Հոկտեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը` որպես նվիրատվություն, փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Թեև այդ մասին հայտարարվել էր դեռ ամիսներ առաջ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում նշեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար ՀՀ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1.38 հեկտար։

Ani Product

«Հյուրանոցը պետությանն է փոխանցվում շենք-շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 մլն 889 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը: Նա նաև նշեց, որ գույքը պետք է հատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Սակայն մեզ տեղեկություններ են հասել, որ պետությանը նվիրաբերված «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրավի առարկա է, այն 20 մլն դոլարի դիմաց գրավադրվել է «Հայբիզնեսբանկում»։ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին հարցրինք, թե կա՞ նման բան: «Դա ծիծաղալու տեղեկություն ա, գիտե՞ք, որովհետև գույքը շուտով կհանձնվի պետությանը և չի կարող ծանրաբեռնված լինել գրավով այդ պարագայում»,- պատասխանեց Բաբայանը։

Չի՞ կարող ծանրաբեռնված լինել, թե՞ ծանրաբեռնված չէ՝ հարցրինք Բաբայանին: «Մենք շուտով կընդունենք, և այդ ժամանակ պարզ կլինի բոլորի համար»։ Այսինքն՝ մինչ այժմ տեղյակ չե՞ն՝ գույքը ծանրաբեռնվա՞ծ է վարկով, թե՞ ոչ: «Մենք շուտով հանձնում-ընդունումը կավարտենք, և այդ ժամանակ ես Ձեզ կասեմ»,- կրկնեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։

Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։ Քրգործի հարուցումից հետո Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստվում է «Գոլդեն Փելեսը» նվիրաբերել ՀՀ կառավարությանը, և ընտանիքի հետ լքեց Հայաստանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս