mnews

2 Հունվարի, 2019

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Թամամյանի վարած Rover մակնիշի 34 ՍR 918 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի բնակիչ Վազգեն Մեծոյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 ՍF 713 համարանիշի ավտոմեքենաները։

Ani Product

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Ա. Թամամյանը և ուղևոր՝ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 28-ամյա Տիգրան Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վ. Մեծոյանն ու նրա ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Աղունիկ Մանուկյանը տեղում մահացել են։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները բախման հետևանքով կողաշրջված «06»-ը դարձի են բերել և այնտեղից դուրս բերել մահացածների դիերը, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև սահմանազատել տարածքը։

Ani Product

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին նույնպես փրկարարներն են դուրս բերել ավտոմեքենայից, և նրանց հիվանդանոց են ուղեկցել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի և բաժնի պետի տեղակալ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Սպիտակի քննչական բաժնի քննիչ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ազգականներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

5ef038006ecd8f87b7ccf9958ef18dfa289c87cb488a14c848f292efc3b0769c.

Լրահոս