1 Հոկտեմբերի, 2019
«Փաստ» թերթը գրում է.

««Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում նկատելի չէ զարգացման դինամիկա, ավելին՝ առկա են անվստահության տարրեր: Թերևս դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հասարակությանը ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ փայլուն է:

Ani Product

Այնուամենայնիվ, Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ստիպված էր խոստովանել, որ ռուսական կողմից հիմնական անվստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարման բարձր օղակներում պաշտոններ են ստացել այնպիսի մարդիկ, որոնք նախկինում հակառուսական դիրքորոշում են ունեցել:

Ani Product

Փաշինյանը հույս էր հայտնել, որ ժամանակի հետ այդ անվստահությունը կհաղթահարվի, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, անվստահությունն ավելի է խորանում:

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել էր 2019 թ. պաշտոնական այց կատարել Հայաստան։ Սպասվում էր, որ այդ այցը լինելու էր այս տարվա հունվարին, սակայն հունվարն անցավ, իսկ ՌԴ նախագահը չժամանեց Հայաստան, որից հետո խոսվեց, թե Պուտինը Հայաստան է գալու գարնանը, սակայն գարունն էլ անցավ, և ՌԴ նախագահը այդպես էլ պաշտոնական այցով չժամանեց Հայաստան:

Եվ ահա հաստատվեցին այն տեղեկությունները, որ այսօր Պուտինը ժամանելու է Հայաստան, քանի որ Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը:

Ու ամենահետաքրքրականն այն է, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Պուտինը Երևանում մնալու է ընդամենը մի քանի ժամ և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո մեկնելու է Հայաստանից:

Ստացվում է այնպես, որ ՌԴ նախագահի այցի նպատակը ոչ թե պաշտոնական այցով Երևան ժամանելն է, այլ ուղղակի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելը: Իսկ այս հանգամանքն արդեն ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը:

Եվ ամենաուշագրավն այն է, որ Պուտինի այցի հետ են կապվում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում չլուծված հրատապ խնդիրներ, որոնցից ամենակարևորը գազի գնի հարցն է, որի շուրջ ամիսներով բանակցությունները ընթացքի մեջ են:

Ըստ ամենայնի՝ գազի գինը բարձրանալու է, սակայն դեռևս հստակեցված չէ, թե որքան: Իսկ սպառողների համար գազի թանկացումը հանգեցնելու է նաև մյուս ապրանքների թանկացման, և առանց այն էլ ոչ բարվոք սոցիալական պայմաններում գտնվող մեր երկրի համար հնարավոր չի լինի խուսափել դժգոհության ալիքի տարածումից:

Կարևոր է նաև Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի հարցը, քանի որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։

Պայմանագիրը վաղաժամկետ խզելու մտադրությունը կապված է հարուցված այն քրեական գործի հետ, թե երկաթուղում չարաշահումներ են բացահայտվել:

Ու հիմա այնպիսի իրավիճակ է, որ համաձայնության չգալու դեպքում «Ռուսական երկաթուղիների» հապշտապ դուրս գալը հայաստանյան շուկայից հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացման»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս