13 Հոկտեմբերի, 2022
Ani Product
Ani Product

«2022թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երեւանի «Տրանսալյանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով եւ կատարվել փաստաթղթերի փոխարինում, որից հետո ուղարկողը եղել է «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ-ն (Հայաստան, ք. Ալավերդի), ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (ք. Մոսկվա)»,- հայտնել է ՌԴ հատուկ ծառայությունը: Հետագայում, Վրաստանում գրանցված DAF բեռնատար ավտոմեքենայով հոկտեմբերի 4-ին բեռը հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետում եւ հոկտեմբերի 6-ին տեղափոխվել ու բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մեծածախ բազայում:

Ռուսաստանի հատուկ ծառայության հաղորդագրությունից հետո ՀՀ դատախազությունը հայտնեց, որ ՌԴ ԱԴԾ գրությունը հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ քրեական վարույթ սկսելու համար եւ խոստանում է հետամուտ լինել գործի բացահայտմանը։ Ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն՝ մանրամասն նկարագրելով բեռի մաքսազերծման գործընթացը եւ նշելով, որ Հայաստանից բեռի դուրս գալու պահին որեւէ ռիսկային բան չի հայտնաբերվել։ Այլ կերպ ասած՝ ռումբը Հայաստանում չի հայտնվել բեռնատարի մեջ․ «Վերը նշված բեռի՝ Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ եւ օրինական կերպով, բեռի ֆիզիկական՝ ՀՀ մուտքի եւ ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որեւէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաեւ ռենտգեն զննող սարքի նկարները եւ տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք ՊԵԿ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան նախկին պետ Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի հետ: Հարցրինք` հնարավո՞ր է, որ բեռը մաքսազերծվի, դրանում պայթուցիկ լինի, եւ այն չհայտնաբերվի։

«Ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր։ Կախված է նրանից, թե մաքսազերծումն ինչպես են կատարել։ Եթե ռենտգեն տեսախցիկներով են նայել, ապա ռենտգեն տեսախցիկները ցույց են տալիս, թե մեջն ինչ կա, ինչ չկա։ Չի բացառվում, որ մետաղական մաս չի եղել մեջը, առանց մետաղական մասերի է եղել, ամեն ինչ հնարավոր է։ Հնարավոր է, որ իրենք նայած լինեն որպես միատարր ինչ-որ զանգված։ Ես չեմ կարող ասել, թե ընդհանուր բեռի մեջ ինչ է եղել, դա կարող է պլաստիլինի նման զանգված լինել»,- ասաց Մինասյանը։

Այսինքն՝ ռենտգեն սարքերը միայն մետա՞ղն են հայտնաբերում։ «Չէ, ամեն ինչ տեսանելի է, ռենտգեն սարքավորումներն ամեն ինչ տեսնում են»։ Մինասյանի խոսքով՝ նախեւառաջ պետք է մաքսազերծման ժամանակ ուշադիր լինել․ «Եթե չեմ սխալվում, հիմա մաքսային մարմինները հնարավորություն ունեն բեռը տեսնելու մինչեւ վերջ։ Դեռ մեր ժամանակ էր այդ խնդիրը դրված, հիմա չիպավորում է իրականացվում, որը պետք է մինչեւ վերջ ցույց տա, թե ինչ է բեռի մեջ, ինքը կոդավորված է, եւ ապրանքային ցանկը պետք է երեւար։ Միայն մաքսավորին մեղադրել չես կարող, բեռի տիրոջը մեղադրել․․․ բեռի տերն անհայտ է, որովհետեւ անվանափոխում է կատարվել։ Հիմա ո՞ւմ մեղադրես»։

Տեղեկություններ կան, որ այս միջադեպից հետո Վերին Լարսում հայկական բեռներն ավելի խիստ են ստուգվում՝ հայ արտահանողների համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելով։ Մինասյանին հարցրինք՝ այս դեպքն ինչպե՞ս կարող է ազդել Վերին Լարսում հայկական բեռների ստուգման գործընթացի վրա։

«Կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչպես կնայի այս ամենին, նայած թե ինչ է կատարվել եւ ինչպես է կատարվել։ Միանշանակ ասել, որ Ռուսաստանը վատ տրամադրություններ ունի Հայաստանի հանդեպ կամ մեզ կասի՝ դուրս եկեք մաքսային գոտուց, կամ մենք ենք դուրս գալիս, այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ մենք առաջին երկիրը չենք եւ վերջին երկիրը չենք, որ նման բան կարող է կատարվել։ Կախված է, թե մեր մաքսային մարմինների ղեկավարները, վերջապես՝ ՊԵԿ-ի նախագահը, ինչպես կնայեն․․․, գուցե դա թյուրիմացություն է, եւ մերոնք մեղավոր չեն»,- ասաց Մինասյանը։

ՀԳ․ Երեկ արդեն Լարսի անցակետից լուր ստացանք, որ Հայաստանից ապրանք փոխադրող բեռնատարները մանրակրկիտ զննություն են անցնում, այդ թվում` ռենտգեն զննություն, եւ անցակետում մեծ հերթ է գոյացել։ Պատճառը Ղրիմի դեպքն է, ստուգում են` հնարավոր զենքի փոխադրումը կասեցնելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  

Լրահոս