6 Նոյեմբերի, 2018

Մենք ուշադիր հետեւում ենք Իրանի շուրջ զարգացումներին. սա մեզ համար կենսական խնդիր է եւ մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների, նաեւ այլ գործընկերների հետ: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:

Ani Product

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ Հայաստանը շարունակում է գազ ստանալ Իրանից եւ դա սանկցիաների ռեժիմում դեռ չի տեղավորվում. «Որոնք են այն ռիսկերը, որ որոշ ժամանակ հետո սանկցիաները կվերաբերվեն նաեւ հայ-իրանական այդ ապրանքափոխանակության խնդրին: Արդյոք մենք ունենք համաձայնագրերին արդեն միացած իրավիճակ, որը շատ ավելի սրվելու դեպքում կարող է արդեն մեր պարտավորություններից բխեցնի, որ մենք պետք է տեղավորվենք այդ սանկցիաների տիրույթում»,-հարց ուղղեց Մելքումյանը: Հաղորդում է NEWS.am-ը:

Ani Product

Ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց. «Մենք հստակ ներկայացնում ենք մեր մտահոգությունները, փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել բոլոր զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ: Մենք 2008 թվականից ի վեր իրականացնում ենք «գազ էլեկտրականության դիմաց» գործարքը: Այդ գործարքով ոգեւորված են նաեւ մեր երվրոպացի գործընկերները, որոնք փորձում են նմանատիպ մի բանաձեւով աշխատել Իրանի հետ:

Մենք միշտ հավատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, բայց մյուս կողմից շատ էական է, որ մեր գործընկեր պետությունները առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որ բաժին է հասել Հայաստանին որպես ծով ելք չունեցող երկիր: Ես հույս ունենք, որ այդ քննարկումների միջոցով մենք կկարողանանք ունենալ մի իրավիճակ, որը որեւէ կերպ չի սպառնա մեր առեւտրատնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես Հայաստան-Իրան հարաբերություններին»:

Կարեն Նազարյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարներին, որի վերաբերյալ շատ մասնագետներ նշում են, որ շահութաբեր չէ.

«Երկաթուղու հարցը դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի: Ես չեմ կարծում, որ այդ հարցը դուրս է եկել երկկողմ հարաբերությունների օրակարգից, բայց այստեղ հարցը գտնվում է մասնագետների դաշտում, քանի որ խոսքը շատ բարդ ու համապարփակ հաշվարկների մասին է: Այստեղ մենք պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը»,-ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:

Միքայել Մելքումյան էլ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր Իրանի տարածքում Ռաշտ-Աստարա երկաթուղի է կառուցում:

NEWS.am

Լրահոս