Մեր տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ կողմը դիմել էր վերաքննիչ, և վճիռը բեկանվել էր։ Եվ երբ գումար տվողները գնացել էին դատավորի մոտ, վերջինս պարտավորագիր էր գրել, թե խոստանում է կարգավորել այդ հարցերը վճռաբեկում, այլապես կվերադարձնի գումարը։
Եվ, ահա, այս գրությունն ու կից փաստաթղթերը ներկայացրել են Մկրտումյանին, ով դիմել է էթիկայի հանձնաժողովին։ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Ունենք նման դիմումատու, նյութերն ուղղվել են դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկայի հանձնաժողով»։
Հիշեցնենք, որ այս դեպքերից շատ առաջ Մկրտումյանն ուզում էր ազատել Իշխան Բարսեղյանին՝ նրան առաջարկել էին դիմում գրել, կամովին հեռանալ, հրաժարվել էր»: