ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված հափշտակությունների դեպքի բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. ««Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպք առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 2018թ. փետրվարի 2-ին, մշակվել է քննչական պլան և ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը, կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած 4 անձի ինքնություն:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ., «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձևականորեն ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել և նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է և տնօրինվել այլ անձանց կողմից։