2 Փետրվարի, 2019

«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով կասկածյալի եւ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 7 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ani Product

Նույն աղբյուրի համաձայն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մասնակիցներին առաջադրվում են մեղադրանքներ։ Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով կալանավորվածը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու միջավայրից է՝ Արթուր Վարդանյանը։

Ani Product

Մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո»-ի, որդուն՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն անելու համար։ Քննիչը միջնորդել էր նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրել, սակայն դատարանը մերժել է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածները հիմնականում Մելիք Մանուկյանի հարազատներն են՝ սպանվածը կողմնակիցներից է, իսկ վիրավորների թվում՝ զարմիկներն են։ Հակառակորդ կողմից տուժել է երկու անձ։

Մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունն ունեցել է նախապատմություն։ Մինչ այդ երիտասարդները՝ նախկին պատգամավորի հարազատները, գնացել են վուլկանիզացիա, որի սեփականատիրոջ անունը շրջանառվում է որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակից։ Վուլկանիզացիայում հրաժարվել են նրանց սպասարկել՝ իրենց հետ լավ տոնով չխոսելու  ապա նաեւ աշխատանքային ժամը ավարտվելու պատճառաբանությամբ, որի պատճաով առաջացել է վիճաբանությունը, ինչը արդեն շարունակվել է ավելի ուշ՝ ռեստորանի մոտ։ Ընդ որում՝ կողմերը հերթական պարզաբանմանը ներկայացել են արդեն զինված։

Համենայն դեպս՝ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի պարկուճներ, ինչը նշանակում է, որ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։

Քրեական գործով հարցաքննվել է նաեւ Ծառուկյանի որդին, թե ինչ առնչություն ունի նա նշված միջադեպի հետ առայժմ հայտնի չէ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում նաեւ Ծառուկյանի որդին։ Մեզ հաջողվեց պարզել, որ նրա տանը կատարվել է նաեւ խուզարկություն։ Ավելին՝ խուզարկվել է նաեւ նախկին պատգամավորի տունը։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս