24 Օգոստոսի, 2020
Համայնք

Հնարավոր ամեն ինչ արվում է բնակչի բարօրության համար․

Արարատի մարզի Տափերական  համայնքում  2019 թվականի  դեկտեմբերի 8-ին կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին  մասնակցելու համար ինքնառաջադրված 8 թեկնածուներից համայնքի ղեկավար ընտրվեց Կարեն Խաչատրյանը:

Mnews.am -ի զրուցակիցն է Տափերական համայնքի ղեկավար Կարեն Խաչատրյանը:

–Պարո՛ն Խաչատրյան,արդեն  զբաղեցնում եք համայնքապետի պաշտոնը, ծանո՞թ եք համայնքի խնդիրներին: Եվ ինչու՞ ցանկություն հայտնեցիք առաջադրվելու, կմանրամասնե՞ք:

 –  Աշխատանքային փորձս բավարարում էր առաջադրվեմ և աշխատեմ գյուղապետի պաշտոնում: Համայնքը ղեկավարում եմ 2019 թ. դեկտեմբերից: 14 տարի այս համակարգում եմ աշխատում: Սկզբում աշխատել եմ համայնքի ղեկավարի տեղակալ, այնուհետև` համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հաշվապահ` մինչև ընտրվելը: Այս տարիների ընթացքում շատ աշխատանք է կատարվել և շատ կիսատ մնացած գործեր են եղել, որ ցանկացել ենք անպայման ավարտի հասցնել: Դա է եղել համայնքապետ ընտրվելու հիմնական դրդապատճառներից մեկը:Պատահական մարդ չեմ ,ոչ էլ անտեղյակ այս աշխատանքում:

-Շուտով կլրանա մեկ տարին,ինչ զբաղեցնում եք Տափերական համայնքի ղեկավարի պաշտոնը,շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքի համար ի՞նչ կենսական նշանակության հարցեր եք հասցրել լուծել:

-Նախընտրական ծրագրում ներառված խնդիրների լուծման մեկնարկը տրված է: Որոշ խնդիրներ արդեն լուծվել են, մի քանիսն էլ լուծման ճանապարհին են: Դա շարունակական պրոցես է և միանգամից արդյունք ստանալ հնարավոր չէ:

2020 թվականին սկսել ենք աշխատանքները, սուբվենցիոն 2 ծրագիր` գազաֆիկացում և արտաքին լուսավորություն: Արտաքին լուսավորությունը 2019-ին կատարվել է 40 տոկոսով: Այս տարի շարունակում ենք մյուս մասը: Դրանով ավարտի կհասցնենք լուսավորման գործը:

Հաջորդը Գազաֆիկացման հարցն է, նախահաշվով  գումարի  50 տոկոս պետք է ներդնի համայնքը, այդքան էլ` կառավարությունը: 820 գծամետր խողովակաշար կանցկացվի: Ընթացիկ տարում մի քանի փողոց կփորձենք հարթեցնել և կողճապատել: Մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը, երկու խմբի համար նախատեսված, պետք է վերակառուցվի, մոտ 50-60 երեխա այդտեղ կհաճախի: Ընդհանուր 6 խումբ կդառնա, հաճախող երեխաների թիվը 120 ից կդառնա 160:

Տափերականում  6 ժամյա ջրամատակարարում  է, ոռոգման ջուրը ոչ բոլոր հատվածներին է հասնում,ունենք թաղամասեր,որ պրոբլեմներ կան ,ջուրը չի հասնում:

-Որքա՞ն է բնակչության թիվը համայնքում.արդյո՞ք համայնքում աշխատատեղերի խնդիր կա, ինչպիսի՞ն են արտագաղթի ցուցանիշները և ինչո՞վ է զբաղվում գյուղացին: ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը:

-Այսօր ոչ միայն մեր, այլ` գրեթե բոլոր համայնքներում աշխատատեղերի խնդիր կա, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենում գյուղացու սոցիալական վիճակի վրա:3900 բնակիչ ունի Տափերականը: Ներկայումս աճուրդով հող ենք օտարում, որպեսզի գումար առաջանա: Այդ գումարներով կարողանում ենք աշխատանքներ իրականացնել:Ինչպես նաև ապրուստի միջոց հայթայթում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու ճանապարհով:

Գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում, արոտավայրեր չունենք: Ջերմոցներ են կառուցել իրենց տնամերձներում, լոլիկ ու վարունգ են հիմնականում աճեցնում: Այս պահին համայնքում եռուզեռ է, պայմանագրեր են կնքում տարբեր գործարանների հետ ,խաղողի մթերման հետ կապված:Հուսանք, մթերումից հետո կվճարեն հողի հարկերը պարտաճանաչ:

-Ի՞նչ հրատապ խնդիրներ կան համայնքում, որոնք համայնքի բյուջեով հնարավոր չէ լուծել։

-Իհարկե,կան խնդիրներ ,որոնք ուղղակի անհնար են համայնքի բյուջով իրագործել։ Մեր համայնքի հրատապ խնդիրը հիմնականում վերաբերվում է ճանապարհաշինությանը՝ ասֆալտապատ ճանապարհներ ունենալու հարցը:

Մշակույթի տան մասնակի  վերանորոգման կարիք ունի: Հիմնականում դռներն ու պատուհանները պետք է փոխենք, ինչը և տարեցտարի արվում է: Ֆուտբոլի դաշտը պետք է վերանորոգվի: Նպատակ ունենք խաղահրապարակ ստեղծել մշակույթի տան հարակից տարածքում: Աղբավայր չունենք, ինչը խնդիր է մեզ համար: Այս խնդրով դիմելու ենք մարզպետին: Շաբաթը մեկ անգամ աղբը հեռացվում է գյուղից…

Մշակութային դաստիարակությունը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է,երեխաները ապրում են լիարժեք սպորտային ու մշակութային կյանքով: Վերջին մեկ տարում հիմնել ենք մի քանի խմբակներ՝ պարային,ժողգործիքներ և վոկալի խմբակներ,որտեղ սովորում են տարբեր տարիքային խմբերի մոտ 75 երեխա: Բավականին ակտիվ գյուղ է,համախմբված ցանկացած հարցում:Թող անհամեստ չհնչի, սպորտը հանձինս՝ Խաչատրյան գերդաստանի, Տափերականում ծաղկում է ապրում:Տափերականցի 60-70 տղաներ ,այսօր զբաղվում են սպորտի այս մարզաձևով:

-Պետություն-համայնքապետ-քաղաքացի, թերևս նաև այս շղթայի միջոցով  է տեղի ունենում պետության և քաղաքացու երկխոսությունը: Դուք այս շղթայում Ձեր ղեկավարած համայնքի պատասխանատուն եք: Արդյունավե՞տ է այն գործում:

– Այս հարաբերություններում ոչ պակաս կարևոր դեր ունի ուժեղ համայնքապետը: Պետք է կարողանա ճիշտ կատարել և ներկայացնել թե՛ պետության պահանջները, թե՛ համայնքի խնդրներն ու շահերը: Պետք է առաջնորդվի մեկ պատասխանատվության զգացումով և մեկ սկզբունքով՝«Գյուղի հոգսը նաև իմ հոգսն է»:Նաև իմ խորին շնորհակալությունը Տափերականի բարերարներին,ովքեր ցանկացած պահի կանգնած են իրենց համագյուղացիների կողքին, մեծ ու փոքր խնդիրներ չկան, կա ուղղակի մեծ ցանկություն լավություն անելու,և դա անում են լուռ ,առանց ավելորդությունների և ցուցադրելու…:

-Համայնքում Ձեզ հարգում և սիրում են, ինչպե՞ս եք արժանացել գյուղացիների վստահությանը, ինչպիսի՞ն է գյուղացի-համայնքապետ փոխհարաբերությունները:

-Ես այս գյուղում եմ ծնվել և մեծացել, և յուրաքանչյուր բնակչի հետ իմ հարաբերությունները ջերմ և անմիջական են, հարգալից, որը, կարծում եմ փոխադարձ է:Շուրջ 20 տարի ֆիզկուլտուրայի  ուսուցիչ եմ աշխատել դպրոցում,նաև  մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ 34 տարի,պատրաստել եմ 20 և ավելի սպորտի վարպետներ,ՀՀ չեմպիոներ  և մրցանակակիրներ տարբեր տարիքային մրցումներում:Պետք է հպարտությամբ նշեմ,որ Իսպանիայի Վալենսիա քաղաքում,2010 թվականին  տափերականցի Վլադիկ Կարապետյանը ճանաչվել է Եվրոպայի մանակապատանեկան չեմպիոն:

Ինձ համար  գոյություն չունի ոչ աշխատանքային օր, գյուղացին ցանկացած պահի կարող է զանգել, կամ մոտենալ համայնքապետարան և կիսվել իր խնդիրներով: Ամենակարևորը համայնքի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումն է:Ընդհանրապես ջերմ հարաբերություններ ունեմ բնակիչների հետ, ցանկացած խնդիր քննարկում ու համատեղ լուծում ենք գտնում: Ազնիվ եմ նրանց հետ, արդար, երբեք չեմ խաբում` դրանք իմ սկզբունքներն են:

Տափերականի համայնքապետ Կարեն Խաչատրյանի  գործելաոճում առաջնահերթությունը միշտ տրվում է զարգացմանը: Գյուղը պիտի ապրի ու զարգանա,գյուղացին պետք է ամեն վայրկյան զգա դրական փոփոխությունների շունչը: Համայնքապետի ուշադրության կենտրոնում են հաշվանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով ընտանիքները: 

Համայնքի բնակիչները գնահատում են իրենց համայնքապետի՝գյուղի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները ու միշտ նեցուկ են լինում նրա բոլոր որոշումներին ու առաջարկներին,տեղաբնակները պատմեցին,որ Կարեն Խաչատրյանը համայնքի բնակիչների կողմից հարգված ու սիրված,ծանրամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Վարազդատ Խաչատրյանի որդին է,ով իր  հեղինակությամբ նպաստեց որդու հաղթանակը համայնքապետի պաշտոնում:

Mnews.am

 

 

kotayk

Լրահոս