15 Դեկտեմբերի, 2022
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ուսանողների համար ուսումնական տարին սկսվեց երկու լուրով՝ մեկը՝ լավ, մեկը՝ վատ։

Նախ` լավի մասին. ուսումնական տարեսկզբից վերջապես սկսեց աշխատել ուսանողական ավտոբուսը, բայց դա տևեց… ընդամենը մեկ շաբաթ։ Այս պահին մոտ 150 ուսանող և նրանց ծնողները անելանելի վիճակի մեջ են։ Բնակարան վարձել այլևս հնարավոր չէ. նախ թանկ հաճույք է, երկրորդ՝ ուսումնական տարին սկսվելուց հետո բնակարան վարձելը աբսուրդի ժանրից է: Ավտոբուսն էլ, որ մի քանի օր ուսանողներին տեղափոխել էր Ապարանից Երևան և հակառակ ուղղությամբ, այդպես էլ չի աշխատում։ Նաև հարց է, թե այդ ընթացքում ինչպես է 70 տեղանոց ավտոբուսը տեղափոխել 150 հոգի: Ներկայումս Ապարանի ու հարակից գյուղերի ուսանողները մայրաքաղաք են հասնում մարզային տրանսպորտով՝ Ապարանի գազելներով, եթե, իհարկե, բախտ է վիճակվում խցկվել դրանց մեջ: Նույնը տուն վերադառնալու ժամանակ է:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է արդյոք ապարանցի ուսանողների խնդրին, ինչին ի պատասխան՝ մարզպետը խոստացավ հետաքրքրվել ու հարցին լուծում տալ: Խոստացավ ու մոռացավ: Մնաց իրողությունը՝ ԲՈՒՀ հասնելու համար մեկ ուսանողը տրանսպորտի համար շարունակելու է վճարել օրը մոտ 2000 դրամ։

Ապարանի տարածաշրջանից ընտրված պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ուսանողական ավտոբուսի մասին մեր հարցին պատասխանեց, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, այլ համայնքի ղեկավարի: Երբ նրան առաջարկեցինք համայնքի ղեկավարի հետ քննարկել հարցը, Մաթևոս Ասատրյանը ամենայն անկեղծությամբ խոստովանեց իր պատգամավորական անճարությունը՝ համայնքի ղեկավարը իմ ասածը չի անի: /Խեղճ ուսանողներ/:

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն էլ նախ զարմացավ, որ ուսանողական ավտոբուսի հարցով դժգոհողներ կան, այնուհետև հայտարարեց. ուսանողական ավտոբուսը աշխատել է, ուղղակի ավտոբուսի վարորդի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել, մահացել է վարորդի քրոջ երեխան, և դրա համար նա աշխատանքի չի գալիս: «Երեխայի քառասունքը պետք է լրանա և նոր անցնի աշխատանքի, հոգեբանական պահ կա, չէ՞։ Իմ ինֆորմացիայով Էդ հարցը կարգավորված ա, ավտոբուսը էսօր պիտի գնար, բայց չի գնացել ձյան պատճառով, իրանց ասեք՝ հանկարծ չբողոքեք, թե ավտոբուսը մի շաբաթ է գործել, ես չեմ հասկանում՝ ինչի համար են բողոքում, քանի որ չեն կարող բողոքել, որովհետև ոչ փող են տալիս, ոչ էլ, ու մենք էլ էդ ավտոբուսի հետ կապված ոչ մի պարտավորություն չունենք: Ուղղակի, քանի որ ես հանդես եմ գալիս «Գնթունիք»-ի սեփականատեր, հովանավորում եմ, երեխեքին տանում բերում են: Մարդիկ մտածում են, որ դա համայնքի հաշվին ա, բայց դա իմ հաշվին ա»: 

Մեր դիտարկմանը, թե ծնողները առաջարկ ունեն` մեկ ուսանողի հաշվով վճարել սիմվոլիկ 500-ական դրամ, որպեսզի փոխհատուցեն վառելանյութի և վարորդի աշխատավարձի ծախսերը, Եղիազարյանը պատասխանեց. «Նման առաջարկ եղել ա, բայց քանի որ ես «Գնթունիք»-ի սեփականատերն եմ, սրտանց ուզում եմ, որ էդ երեխեքը անվճար գնան գան»։ 

Տեղեկացանք, որ Ապարան-Երևան գծի սեփականատերը Արցախյան գոյամարտի ժամանակ Ապարան ջոկատի հրամանատար, ոչ վաղ անցյալում Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն է: Թե ում ջրաղացին են ջուր լցնում ուսանողական ավտոբուսը չեղարկողները, մնում է ենթադրել:

Հ.Գ. Ապարան համայնքի ղեկավարի՝ ավտոբուսի երթևեկությունը վերականգնելու հավաստիացումներից անցել է ուղիղ 20 օր, սակայն ուսանողները պնդում են, որ ավտոբուս կրկին չկա: Չենք ուզում հավատալ, որ Ապարան համայնքի ղեկավարը այդպես հմտորեն ստել ու սուտը հաստատել գիտե, սակայն փաստը մնում է փաստ, որ ուսանողական ավտոբուսը ամիսներ շարունակ չի աշխատում:

kotayk

Լրահոս