2 Սեպտեմբերի, 2017

 Արարատի մարզի  Այգեզարդ գյուղը գտնվում է Արտաշատի տարածաշրջանում, Մարզկենտրոնից՝ 6.5 կմ հեռավորության վրա: Բնակչությունը հիմնականում  զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Կան նաև արոտավայրեր` մոտ 30 հա: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր:

Mnews.am-ի լրագրողը  համայնք այցելության ժամանակ  հանդիպեց  համայնքապետին՝ Արթուր Մանուկյանին, ում հետ զրուցեց գյուղի առօրյայից և հօգսերից, ապագայում կատարվելիք գործերից և ծրագրերից:

Պարոն Մանուկյան որքա՞ն ժամանակ է ղեկավարում եք համայնքում: Եվ ինչո՞վ էիք զբաղվում մինչ համայնքապետի պաշտոնը ստանձնելը:

– Աշխատում եմ 2000 թվականից համայնքի ղեկավար: Իսկ մինչ այդ Այգեզարդի Փարիզյան Կոմունայի անվան կոլտնտեսություն, անվտանգության ինժեներ եմ աշխատել, 1991 – 1994թթ.  Այգեզարդի գյուղական խորհուրդ, գյուղ բաժնի պետ, 1994 – 1997թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի Դվինի գինու կետում, գինու կետի վարիչ, 1997 – 1999թթ.  Բուրաստանի կոնյակի գործարան, փոխտնօրեն` արտադրության գծով: 1999 – 2000թթ.  Այգեզարդի գյուղապետարանում որպես՝  գյուղապետի տեղակալ:

– Ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացրել այդ տարիների ընթացքում: 

– Փոխել ենք խմելու ջրի համակարգի ներքին ցանցը, ինչը կենսական նշանակություն ուներ համայնքի համար: Համայնքի բյուջեի միջոցներով մի շարք փողոցների ջրագծեր են փոխվել, սակայն քանի որ գյուղը մեծ է, ուստի այդ գործընթացն սկսել են պետական ծրագրերով կյանքի կոչել: Շարունակաբար ասֆալտապատվում են համայնքային փողոցները: Զբոսայգին են վերանորոգում` տեղադրելով կարուսելներ:  Կարևորագույն խնդիր ենք համարում մշակույթի տան վերանորոգումը, ինչը շատ մեծ գումար է պահանջում: Ասիական զարգացման ծրագրով ոռոգման ջրի ցանց ենք անցկացրել, Այգեզարդի ջրանցքով ինքնահոս ոռոգվում են համայնքի հողատարածություններ:  Մանկապարտեզը կառավարության ծրագրով ամբողջությամբ վերանորոգվել է, ապահովվել գույքով: Գործում է շուրջտարի, ունի երկու խումբ` 60 երեխայով: Գազաֆիկացվել է, ջեռուցում ունի: Եվս մեկ խումբ բացելու անհրաժեշտություն կա, հնարավորության դեպքում միանշանակ կբացենք:

 -Ո՞րն է համայնքի առաջ ծառացած հիմնական խնդիրը:

 Կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը, ավտոբուսները դժվարությամբ են երթևեկում: Մոտ 200 միլիոն դրամի գումար է անհրաժեշտ, որը ծրագրվում է իրականացնել Ասիական բանկի ծրագրով, եկող տարի հուսով ենք կլինի, քանի որ կարևորագույն խնդիրներից է: Գյուղամիջյան ճանապարհների  վերանորոգումներ ունենք և շաարունակ կատարում ենք:

Ջրի ոռոգման մասով համայնքում խնդիր չունենք, ինքնահոս համակարգը դեռևս կառուցվել է 4-5տարի առաջ:

– Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը համայնքում:

 – Համեմատաբար մյուս համայնքների զիջում է, քանի որ մշակույթի տունը չգործող է, շենքը վթարային վիճակում է, բավականին մեծ ներդրումների կարիք ունի: Սակայն մեր առաջիկա պլաններում ներառված է:

Համայնքում պետք է գերակշռի փոխադարձ հարգանքն ու հասկացողությունը, մեզանից՝  համայնքապետերիցս նույնպես շատ բան է կախված, ինչպե՛ս մենք կվերաբերվենք բնակչին, այնպիսի պատասխան էլ կստանանք. ամեն ինչ փոխադարձ է:

Ի դեպ, նշենք, որ Mnews.am-ի լրագրողի այցը Այգեզարդ համայնք, համընկնում է Ա.Մանուկյանի առաջնեկ թոռնիկի լույս աշխարհ գալուն: Ինչի առիթով շնորհավորում ենք համայնքապետին, իսկ փոքրիկին մաղթում անհոգ և երջանիկ մանկություն:

Mnews.am

Լրահոս