11 Հունվարի, 2017

Հայկական ժամանակ թերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ԱՄՆ-ում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նրան չի հաջողվում Գլենդեյլ քաղաքում իրականացնել նախօրոք ծրագրած «բիզնես պրոյեկտներից» մեկը:
Դեռ նախկինում Գագիկ Խաչատրյանը Գլենդեյլի Բրոդվեյ եւ Քենվուդ փողոցների խաչմերուկում 5 միլիոն դոլարով ձեռք է բերել մի հողակտոր, որի վրա նախատեսել էր կառուցել շենք եւ վաճառել: Բայց, մեր տեղեկություններով, Գլենդեյլի քաղաքապետարանը չի տալիս համապատասխան թույլտվությունը: Ուշագրավն այն է, որ ըստ մեր աղբյուրների, թույլտվությունը նախկինում տրված է եղել, սակայն հետագայում քաղաքապետարանը չեղյալ է համարել այն, եւ ներկայումս Խաչատրյանը փորձում է նոր թույլտվություն ստանալ, ինչը դեռ չի հաջողվում:
Ըստ մեր տեղեկությունների, թույլտվության մերժման իրական պատճառն այն է, որ այդ բիզնեսի գլխին կանգնած է հենց Գագիկ Խաչատրյանը, եւ Գլենդեյլի քաղաքապետարանը վերապահումներ ունի նրա անձի նկատմամբ:

Հայտնի չէ, թե պաշտոնապես ում անունով է փորձում այդ հատվածում շենք կառուցել Գագիկ Խաչատրյանը: Հայտնի է միայն, որ նրա որդիները դեռ տարիներ առաջ «տնավորվել են» այդ կողմերում»:

 

Լրահոս