17 Փետրվարի, 2018

2016թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի քանի մարզերում կայացավ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Արարատի մարզի Նորաշեն համայնքում գրանցված անկուսակացական թեկնածուն՝ Նորայր Գրիգորյանը 254 ձայնի առավելությամբ հաղթեց ՀՀԿ-ական գործող գյուղապետ Արտուշ Սարգսյանին: Նորընտիր ղեկավարը մինչև առաջադրվելն էլ մեծ սեր և հարգանք էր վայելում գյուղացիների կողմից: Բնակիչների հետ հարցումների ընթացքում պարզ դարձավ, թե որքան են գնահատում և սատարում համայնքի ղեկավարին: Վերջապես Նորաշեն համայնքը ունեցավ իր արժանի ղեկավարը: Համայնքապետ ընտրվելուց հետո մարդկային բարձր հատկանիշներով օժտված Նորայր Գրիգորյանը ոչ մի ջանք չի խնայում յուրաքանչյուրին իր արժանի գովասանքին արժանացնելու համար:Մանկապարտեզի տնօրեն Լենա Ղումաշյանը,որ աշխատել է երկար տարիներ անթերի, մանկավարժին հատուկ ջանասիրությամբ արժանացավ համայնքապետի ուշադրությանը`պատվոգրով և հուշանվերով: Երաժշտական դպրոցից Աիդա Գևորգյանը,ուսուցչուհի Իվետա Սաղաթելյանը նույնպես շնորհակալական խոսքերի արժանացան և ստացան պատվոգիր և շնորհակալագիր:
25994774_320938138424414_3078492297708201408_n26165164_320938341757727_4916623472188558331_nMnews.am-ի լրագրողն այցելեց Նորաշեն համայնք, զրուցեց նորընտիր ղեկավարի հետ և տեղեկացավ, թե ինչպիսի՞ փոփոխություններ են գրանցվել համայնքում, ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել, և դեռ ի՞նչ ծրագրերի մեկնարկ կտրվի արդեն իսկ 2018 -ին: 

– Պարոն Գրիգորյան, շուրջ երկու տարի  է  ինչ ղեկավարում եք համայնքը, ինչպիսի՞ բարեփոխումներ եք հասցրել իրականացնել:

– Ի սկզբանե որդեգրել եմ մի սկզբունք՝ ոչ մի համագյուղացի գյուղապետարանից դժգոհ չի հեռանալու, ուժերիս ներածին չափով օգտակար եմ լինելու: Ընտրությունների նախաշեմին ոչ մի խոստում չեմ տվել, միայն ասել եմ՝ ցանկանում եմ ընտրվել, որպեսզի աշխատեմ, մնացածը կապրենք կտեսնենք: Իսկ ծրագրերի մասով ասեմ, որ այս պահին վերանորոգվում է մանկապարտեզը: Գույքի պակաս չկա, անցած տարի՝ ի շնորհիվ նախկին ավագանու անդամների, մեծ դժվարությամբ տեղի ունեցավ համայնքի մանկապարտեզի բացումը:Սնունդին ինքս եմ հետևողական, թե ո՞վ է մատակարարում, ի՞նչ ընկերություն է ներկայացնում: Ինքս շատ պահանջկոտ եմ և հետևողական, և կարծում եմ դրա շնորհիվ է, որ այսօր ստացվում է հարցերին վերջնական լուծում տալ:  Մեծ օժանդակություն ենք ստանում մեր երկրապահից, և՛ նրանք են մեզ շատ սատարում, և՛ մենք նրանց: Կարող եմ նշել, հատկապես մեր մարզային երկրապահի փոխնախագահին՝ Խաչիկ Հարությունյանին: 

-Որո՞նք են Ձեր առջև դրված ծրագրերը, որոնք նախատեսում եք իրագործել:

– Չունենք մշակույթի տուն, որը մինչ այսօր խնդրահարույց հարց է, սակայն հաջորդ տարի կարծում եմ մի ելք կգտնենք: Աշխատանքներ են տարվում դաշտամիջյան ճանապարհի բացման մասով, պետք է կամուրջ տեղադրվի,  որպեսզի ճանապարհի անիմաստ երկարացում չլինի, և ընդամենը 3կմ-ից՝ Վերին Արտաշատը շրջանցելով, ճանապարհը հասցնի դեպի Նորաշեն: Գազաֆիկացման բացակայությունը շատ դժվար է 21-րդ դարում, ի վերջո տարրական պայմաններ են, որոնք պետք է ապահովված լինի գյուղը: 350մ գազ եմ անցկացրել , ընտրություններից մի քանի ամիս առաջ, որը շարունակական բնույթ է կրելու: Մասնակցելով մանկապարտեզի միջոցառումներին՝ այնքան ջերմություն և սեր եմ զգում փոքրիկներից, և երբ լսում եմ նրանց շնորհակալական խոսքը, որևէ աշխատանքի վերաբերյալ ինձ իսկապես գնահատված եմ զգում, միջոցառումներին ներկայանում եմ փոքրիկ նվերներով:   Չսպասելով մինչև գարուն համայնքում սկսվել է շինարարական աշխատանքներ։ Կառուցվում է երկու մեծ խաղասենյակ` իր բոլոր հարմարություններով։ Տարեցները կարող են բարեկեցիկ պայմաններում անցկացնել իրենց ազատ ժամանակը, իսկ երիտասարդների համար բազմապիսի զվարճալի խաղերի մեծ ընտրանի, հաճելի և ուրախ ժամանակ անցկացնելու,  ինչպես նաև մարզական ոգու զարգացում: Մանկապարտեզի բակում կառուցվում է պահակատուն,վերանորոգվում է միջանցքները, լիովին փոխվում է սանհանգույցը։ Տարիներ շարունակ անտեսված ու սոսկալի  վիճակում էր գտնվում Հուշարձանը և Գ. Նժդեհի արձանը։
Իսկ այժմ տեղադրվում է երկու ցայտաղբյուրները, սալիկապատվում
և կանաչապատվում է։ Թող աճող սերնդի համար լինի
մնայուն ժառանգություն։ Ասֆալտապատման աշխատանքները ընթացքի մեջ է ։

-Ո՞րն եք համարում համայնքի գերխնդիրը և որքանո՞վ է լուծման ենթակա:

– Ամեն ինչն էլ խնդիր է, չեմ ուզում մասնավորեցնել: Այսօր համայնքապետի համար ամենից կարևոր խնդիրը հասարակ ժողովրդին բարձրից չնայելն ու հարցերին շուտափույթ լուծում տալն է: Ոչ մի պաշտոն հավերժ չէ, և զբաղեցնելուց կամ ընտրվելուց հետո պետք է գիտակցել պատասխանատվությունը: Ունեմ հետևյալ սկզբունքը՝ ինչքան էլ բարդ գործ լինի, պետք է մարդկային լինել և փորձել օգտակար լինել: Մարդկային գործոնը կարևորվում է ամեն ինչում, եթե մարդու մեջ չեղավ խիղճը, ամեն ինչ կորած է ։Մեր համայնքում կարևորագույն խնդիր է աշխատանքի բացակայությունը, թեև երիտասարդությունը շարունակ մտածում է ավելի թեթև և բարձր վարձատրվող աշխատանքի մասին, իհարկե դա երկար ճանապարհ է պահանջում, մեծ աշխատանքային փորձ: Գյուղապետարանի հարակից տարածքում ունենք կանաչ այգի, որը նախկինում շատ ավելի բարեկարգ էր, մտադրված ենք դա կարգի բերել: Ունենք շատ ուրախացնող լուր, 2018 թվականի բյուջեով արդեն հաստատված է Նորաշեն համայնքի ասֆալտի խնդիրը, արդեն նախահաշիվ-նախահաշվարկն արված է, հունիս-հուլիս ամիսներին մեկնարկը կտանք:

 -Նշե՛ք ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացնում: 

-Հունվարի 28-ին, հայոց պաշտպանների տոնի առթիվ, այցելում ենք 4-5 զորամաս,
կատարում մեր  հերթական բարեգործությունը, տանելով քաղցրավենիք
ու նվերներ, իսկ ամենակարևորը ջերմ մաղթանքներ և քաջալերում։ Նշում ենք բոլոր տոները, վերջերս էլ մեծ շուքով նշեցինք  Տեառնընդառաջը: Մեր ազգը լինելով մեծ հավատքի տեր և
պահպանելով մեր ազգային ավանդույթները, սիրով մասնակցեցին հանդիսությանը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում խոշորացման ծրագրին, արդյո՞ք կառաջադրվեք ընտրություններին:

-Խոշորացման ծրագիրն ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը, հիմնականում արդյունավետ կլինի փոքր համայնքների դեպքում։ Ընտրության առաջադրման մասով ասեմ, որ չեմ առաջադրվի, քանի որ այդ դեպքում ավելի բարդ կլինի աշխատելը: Չեմ խուսափում բարդությունից, ընդհակառակը՝ ես եկա և ընտրվեցի իմ գյուղացիների հորդորներով և կարծում եմ պատվով եմ աշխատում, անում եմ ամեն բան՝ համայնքի բարեկեցության համար:

 

 Պետք է ղեկավարել համայնքը՝ հանրային յուրաքանչյուր խնդիր դարձնելով անձնական: Պարտավորված եմ զգում ինձ նորաշենցիների առաջ, իրենց ձայնի շնորհիվ եմ հիմա ես այստեղ: Հաջողություն եմ մաղթում նորաշենցիներին, որպեսզի խաղաղ ճանապարհով կարողանան կերտեն վաղվա իրենց ապագան, լինեն հանդուրժող և պարկեշտ:

Mnews.am

Լրահոս