19 Ապրիլի, 2024

Բաքվում ակնհայտորեն խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Որոշ նախնական արձագանքներից հետո ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են շատ ավելի ինտենսիվ ու կազմակերպված գրոհի։ Բոլորի ուղերձները կրկնվում են, իսկ հիմնական թեզերը նրանք են, թե իբրև Ռուբեն Վարդանյանն «ահաբեկիչ է», զբաղվել է «փողերի լվացմամբ», և նմանատիպ այլ մեղադրանքներ։ 

Երեկ Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության, որտեղ նշված էր․ «Մենք՝ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովված ենք Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին մամուլում հայտնված լուրերից և մտադիր ենք հանձնաժողովի ուշադրությանը ներկայացնել ադրբեջանական հանրության ամուր դիրքորոշումն այս հարցում»։

Նախ, զավեշտալի է, ի՞նչ ՀԿ պետք է լինի Ադրբեջանում, խոսքը բացառապես իշխանական ֆինանսավորմամբ ու հովանու ներքո գործող կազմակերպությունների մասին է։ Սրանց Ալիևը ժամանակ առ ժամանակ նետում է դաշտ՝ իր քարոզչական նպատակների համար։ 

Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական մամուլը լի է Վարդանյանի մասին հոդվածներով ու նյութերով, ընդ որում՝ դրանք հրապարակվում են տարբեր լեզուներով։ Սեփական իշխանության կոռուպցիոն սկանդալները թողած, ադրբեջանական մամուլը փորձում է ձևավորել Վարդանյանի կոռուպցիոն իմիջը։ Բնական է, որ կոռուպցիայի մեջ թաթախված Բաքվի ավտորիտար վարչակարգի կողմից նման մեղադրանքներ հնչեցնելը, մեղմ ասած, զավեշտալի է։ 

Այդուհանդերձ, այս համատարած աղմուկի մեջ, ինձ չի դադարում զարմացնել Վարդանյանի անձի հանդեպ այսքան անտագոնիզմն ու հակազդեցությունը, ընդ որում՝ անգամ այս պարագայում, երբ նա ապօրինաբար գերության մեջ է գտնվում Բաքվում։ Ինձ համար շարունակում է ակնհայտ մնալ, որ Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել։ Վարդանյանը բլոկադայի ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացնում միջազգային մամուլում, դրա համար էլ Բաքուն ամեն մեթոդով հասավ նրա հեռացմանը պաշտոնից։ Ի վերջո, շարունակում եմ մնալ այն համոզման, որ հենց միջազգային աղմուկն է, ճիշտ ու կազմակերպված աշխատանքը Ադրբեջանին զսպելու ու զբաղված պահելու լավագույն մեթոդը։ 

Ինչ վերաբերում է Վարդանյանի առաջադրմանը, ապա ասեմ, որ այս տարի այդ մրցանակի համար առաջադրվել է 285 հոգի։ Այնպես որ շանսերը պետք է խելամիտ գնահատել, հատկապես, որ Վարդանյանը շատ ավելի հայտնի է իր մարդասիրական ու բարեգործական ծրագրերով։ 

Շարունակում եմ հույս ունենալ, որ այդուհանդերձ, այս գործընթացը կնպաստի Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող այլ հարենակիցների ազատ արձակմանը։

kotayk

Լրահոս