11 Հունիսի, 2024
 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստով համատեղ հայտարարություն է արվել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև անվտանգության և իրավապահ ոլորտներում համագործակցությանը․

«Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:

Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաև ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը և պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
Հիմնվելով Հայաստանի պարեկային ծառայության հաջողությամբ ստեղծման փորձի վրա, որը համազգային ընդգրկում է ստացել 2023 թվականին` կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ ներքին գործերի նախարարությանն ապագա աջակցության տրամադրումը՝ ներառյալ ծրագրված ջանքերն՝ ուղղված ոստիկանական կրթության զարգացմանն ու մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը՝ հաշվետվողականության և դիմակայունության բարձրացման համար:
Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և պատրաստակամ է խաղաղապահության և իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում»,- նշվում է հայտարարության մեջ։
kotayk

Լրահոս