8 Ապրիլի, 2024
Սա իրազեկման ակցիա է՝ ուղղված այն կառույցներին, պաշտոնյաներին, որոնք տարիներ ի վեր ակտիվ գործողություն էին ծավալում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով, որպեսզի տարածեն եվրոպական արժեքներ, պայքարեն մարդու իրավունքների, խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատությունների համար։ Իսկ հիմա այդ կառույցները լուռ են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս լռության հիմքում կարող է երկու պատճառ լինել.«Առաջինն այն է, որ իրենք պատշաճ իրազեկված չեն, քանի որ այլևս ռեսուրս չունեն օբյեկտիվ իրականությանը ծանոթանալու։ Իրենցից շատերը, ովքեր ժամանակին պայքարում էին ազատությունների համար, հիմա այս իշխանության կազմում են։ Եվ երկրորդ տարբերակը՝ իրենք պարզապես նախընտրում են կույր մնալ, և ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները։ Ցանկացած պարագայում, եթե դա այդպես է, մենք ուղղակի արձանագրենք այդ փաստը, որ աշխարհում բան է փոխվել և այլևս արժեքներն առաջնային չեն, երբ խոսք է գնում շահերի մասին»։

Հարցին՝ երբ ՀՀԿ-ի իշխանության տարիներին էին ընդդիմադիրները բարձրաձայնում քաղբանտարկյալների հարցը, ԵԽ-ի և մյուս կառույցների արձագանքն ինչպիսի՞ն էր՝ Սաղաթելյանը նշեց.«Ես շատ լավ եմ հիշում բոլոր արձագանքները։ Ավելին՝ դժվար չէ դրանք գտնել բաց աղբյուրներում։ Դուք էլ կհիշեք, որ ցանկացած առիթով՝ կլիներ «թթու» խոսք կամ ընկճում, անմիջապես շատ մեծ աղմուկ էր բարձրանում։

Սա առաջին դեպքը չէ, առաջին դեպքը եղավ, երբ այս բռնապետիկները գործողություններով ճնշում գործադրեցին դատական իշխանության վրա։ Այսինքն՝ դատական իշխանության դեմ ոտնձգություն արվեց, երբ շրջափակվեցին դատարանները, իսկ դատավորները, ովքեր շտապում էին աշխատանքի, նրանց ուղղակի բռնում և գցում էին գետնին։ Ամեն դեպքում՝ բոլոր իշխանությունների ժամանակ կան կնճռոտ էլեմենտներ, հարցեր, որոնք կա՛մ գտնում, կա՛մ չեն գտնում իրենց հանգուցալուծումը և որոնց վերաբերյալ կարելի է կամ չի կարելի խոսել։

Ես 30 տարվա ընթացքում չեմ հիշում այս տեսակ աննախադեպ ոտնձգություններ ցանկացած բնույթի խոսքի ազատության, այլակարծության, քաղաքական դիրքորոշումներ ու կարծիքներ հայտնելու վերաբերյալ։ Ի վերջո, եթե դուք ուզում եք հիշատակել մինչև 2018 թվականը, ապա ասեմ, որ 2018 թվականը տեղի չէր ունենա, եթե այդ ամենը՝ խոսքի ազատությունը, այլակարծությունը  չլինեին»։

 

 

kotayk

Լրահոս