10 Ապրիլի, 2025
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանում անցկացվող պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները վկայում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է պատերազմի։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ մշտապես անցկացվել են, դրանք արտառոց չեն։
-Ադրբեջանական մամուլում հաճախ տարածվում են տեղեկություններ, թե Հայաստանում անցկացվող պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները վկայում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է պատերազմի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը։
-Վարժական հավաքների կազմակերպումը և անցկացումը սահմանվել են դեռևս 1991 թվականին ընդունված նախկին «Զինապարտության մասին» օրենքով, և մինչև օրս Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործընթացը սահմանող օրենքներով վարժական հավաքների կազմակերպումն ու անցկացումը նախատեսված է որպես զինապարտ քաղաքացիների պահեստազորային պատրաստության հիմնական միջոցառում:

Ըստ այդմ՝ վարժական հավաքներ հայտարարվել են դեռևս շատ վաղուց, դրանք նախ անցկացվել են եռամսյա ժամկետով, իսկ սկսած 2023 թվականից՝ պահեստազորայինների ներգրավումն իրականացվում է 25-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն է տվել ժամանակային առումով ավելի արդյունավետ կազմակերպել վարժական հավաքները, ինչպես նաև ավելի քիչ «անհարմարություններ» պատճառել հավաքներին ներգրավվող քաղաքացիներին: Հենց այս բերումով է կառավարությունը պարբերաբար վարժական հավաքների անցկացման մասին որոշում ընդունում:

Նախորդող տարիներին պարբերաբար անցկացված վարժական հավաքներն արդեն 2 տարի է, ինչ փոխարինվել են 25-օրյա վարժական հավաքներով, և հետևաբար, դրանք նոր չեն, արտառոց ոչինչ չկա:

Վարժական հավաքները որևէ ագրեսիվ ենթատեքստ չունեն, զինված ուժերի բարեփոխումների և պահեստազորում հաշվառված քաղաքացիների պատրաստության բնականոն մաս են կազմում, որը բնորոշ է բոլոր երկրներում պաշտպանության կազմակերպման պարտադիր գործընթացին:

 

 

Լրահոս