13 Հունվարի, 2023

ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել  ավելի քան երեսուն օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի  շրջափակման վրա` շեշտելով, որ, Լաչինի միջանցքը փակ պահելով, Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ծրագրերը և հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։

 

Լրահոս