20 Հոկտեմբերի, 2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։ Խոսքը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի մասին է։ Եվ այս որոշումը կայացվում է այն տեղեկությունների ֆոնին, որ թե՛ համապետական, թե՛ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Աբրահամյաններն ակտիվ դերակատարում են ունեցել իշխանությունների օգտին:

Ani Product

Շաբաթներ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը, լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։ Ինչպես երևում է՝ Վայքի նորընտիր ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը որոշել է հետ կանգնել Վայքը էկո համայնք դարձնելու մտադրությունից և նախընտրում է առաջնորդվել Հովիկ Աբրահամյանի մերձավորների բիզնես շահերով: Այս պահին, համենայնդեպս, որևէ բան չի խոսում այն մասին, որ Վայքի համայնքապետարանը դեմ է հանքի շահագործմանը:

Ani Product

Եվ այս տեղեկությունների ֆոնին հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ինչպես հասկանում ենք՝ իշխանություններն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ո՞վ է ի վերջո Հովիկ Աբրահամյանը՝ նախկին թալանչի՞, ով ապօրինի հարստացել է և այժմ այդ ապօրինի հարստությունը իշխանությունները փորձում են հետ բերել բյուջե, թե՞ օրինապաշտ գործարար և նախկին պաշտոնյա, ում բիզնեսներին պետք է լավ աչքով նայել, իսկ ազգականներին տեղավորել յուղոտ պաշտոնների: Հետաքրքիր է՝ ի՞նչ լավության տակից է այդպիսով փորձում դուրս գալ Նիկոլ Փաշինյանը …

Ավագյան Քրիստինե

Լրահոս