«Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։
Ողբերգությունն այն է, որ նման զգացմունքային ծանրաբեռնվածությունը մեզ կուրացնում է նման պարտությունների ավելի խորը քաղաքական ու սոցիալական պատճառների ընկալունակության նկատմամբ, որոնք սկզբունքորեն կապված չեն ֆուտբոլի հետ, այլ արտացոլում են պետության ու հասարակության առջև ծառացած համակարգային և կառուցվածքային խնդիրները, որոնք երկար ժամանակ է, որ պահանջում են հանրային համախմբում:
Ինչո՞ւ ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ էմոցիոնալ էներգիայի նման արժեքավոր ռեսուրսները վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա։
Ինչու՞ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ: Սա ըմբռնելու համար պահանջվում է հասունություն և ազգային առաջնահերթությունների հստակ հայացք, որը, բնականաբար և ցավալիորեն, բացակայում է:
Այսօրվա իրավիճակը հիշեցնում է մահամերձ հիվանդի, որին շրջապատողները շարունակում են համոզել առողջ ապրելակերպ վարել՝ անտեսելով շտապ վիրահատության անհրաժեշտությունը։ Մինչ մարզական պարտության կամ հաղթանակի հերթական ալիքը կրկին կհեղեղի մեր տեղեկատվական ու էմոցիոնալ օրակարգը, պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նման շքեղություն ճգնաժամի դարաշրջանում, այսինքն՝ տառապել արհեստական սիմվոլիզմով՝ անտեսելով խորքային բովանդակությունը։
Մեր տեղը համաշխարհային ասպարեզում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակների հիման վրա, այլ որոշվելու է իրականությանը հարմարվելու, ներքին խզվածքները հաղթահարելու և վերակառուցելու ուժ գտնելու մեր կարողության հիման վրա: Պետք է ոչ միայն գիտակցել, որ պարտություններն ավելի մեծ խնդիրների ցուցիչ են, այլև հասարակության էներգիան ուղղել ներկան փրկելուն և ապագայի համար պայքարին իմաստավորող լուծումներ գտնելուն»։