«Պարո՛ն Քերոբյան, վերջին անգամ Ջերմուկում ե՞րբ եք եղել: Դուք օրենքի նախագիծ եք ներկայացրել և զուգահեռ խոսում եք աննախադեպ աճերից, ինչը վատ չէ»։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Հիմա Դուք ասում եք` գրավչությունն ենք բարձրացրել՝ չանդրադառնալով նրան, թե աշխարհաքաղաքական ինչ իրողություններով է պայմանավորված, որ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գալիս Հայաստան։ Քննարկե՞լ եք այն բարդությունները, որ ստեղծվել են զբոսաշրջության ոլորտում։ Ջերմուկում մենք նորից տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանցային տնտեսություններ, թե՞ տեսնելու ենք այն վիճակը, որ հիմա կա»,- հարցրեց Ավետիսյանը։
Քերոբյանն էլ նշեց, որ Ջերմուկում վերջին անգամ հուլիսին է եղել, հանդիպել է հյուրանոցային ցանցի ներկայացուցիչների հետ, առաջարկել են մի փոքր ակտիվացնել ոլորտը։ Նախարարը նշեց, որ Ջերմուկում խնայված միջոցներով օգոստոսին լրացուցիչ փառատոն կազմակերպելու մտադրություն ունեն։
«Պարզ է, որ սա այն օրենքը չէ, որ ապահովություն և անվտանգություն սահմանի: Անվտանգության տեսանկյունից, գիտեք, որ կառավարությունը և մեր կուսակցությունը մեծ ջանքեր է գրոծադրում, որպեսզի ապահովենք երկարատև խաղաղությունը, որը պետք է ապահովի նաև անվտանգությունը»,-հայտարարեց Քերոբյանը: