8 Ապրիլի, 2024
Ե’վ Հայաստանը, և’ Ադրբեջանը հանդիսանում են ԵԽ անդամ երկրներ, հիմա ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք կարելի է ԵԽ պատասխանատվության գոտում մի հետամնաց միջնադարյան բռնապետ  խախտի միջազգայնորեն ընդունված պայմանավորվածությունները  և սկզբունքները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա, ցեղասպանության ենթարկի, ապա կարճ ժամանակահատվածում այդ մարդկանց իրենց բնօրրանից տեղահանի։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Հետաքրքիր է՝ ԵԽ անդամ ուրիշ երկրներում նման բան գոյություն ունի՞, թե ոչ։ Արդյո՞ք ժամանակակից Եվրոպայի արժեքները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը,  օրենքի գերակայությանը, մարու իրավունքների պաշտպանությանը, պետք է այդ դրսևորումը ունենա՞ն։

Հետաքրքիր է ԵԽ անդամ երկրորդ երկիր կա՞, որ Մարդու իրավունքների պաշտպանը դառնա հետախույզ,  դատախազը դառնա մարդու իրավունքների պաշտպան, կա՞ ԵԽ անդամ որևէ այլ երկիր, որտեղ օրենքները ընդունվում են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում  մեկ խմբակցության կողմից՝ որն էլ իշխանական խմբակցությունն է»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով բողոքի ակցիայի հիմնական պահանջին, այն է՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, Ղազարյանն ասաց․

«Այս մարդիկ բա ինչ են, եթե քաղբանտարկյալ չեն, կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի, պարզ չէ, որ նա բանտում է  գտնվում բացառապես իր  քաղաքական դիրքորոշումների, կուսակցական պատկանելության համար։ Պարզ չէ, որ Մամիկոն Ասլանյանը բանտում է գտնվում  բացառապես այն բանի համար, որ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին, որի նախընտրական ցուցակը գխավորում էր  մարզպետը, ով կախիչների պատճառով պաշտոնազրկվել է։ Իմ նկատմամբ ամենադաժան բռնությունը գործադրած հանցագործները  ազատության մեջ են, իսկ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել  են այնպես, որ, երևի, ամենադաժան մարդասպանին այդպես չեն ձերբակալում։

Ալեն Սիմոնյանը, որ թքել է քաղաքացու վրա և մնացել է  անպատիժ, դատի է տվել  երկու տասնյակ քաղաքական գործիչների, լրատվամիջոցների  լրագրողների  ու առանց բացառության նրա դատական գործերը բավարարվում են ներողություն խնդրելու  մասով։ Սրա՞նք են ազատության, իշխանության մարմինների  հանդուրժողականության ժամանակակից եվրոպական ստանդարտները։ Եթե գլխավոր քարտուղարը եկել է Հայաստան, ապա այս հարցերի  օրակարգով պետք է գա»։

Լրագրողի հարցին՝ իր կարծիքով Դավիթ Տոնոյանը և Վահան Քերոբյանը և՞ս հանդիսանում են քաղբանտարկյալներ, Ղազարյանն ընդգծեց․

«Դավիթ Տոնոյանի դեպքը այլ, է, նա քաղբանտարկյալ չէ, բայց հանցագործ էլ չէ, ինքը հանցակից է Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցագործության իմաստով  և Նիկոլ Փաշինյանը նրան  բանտարկել է իրեն պատասխանատվությունից ազատելու և Տոնոյանին լռեցնելու համար, իսկ Քերոբյանի դեպքը քրիստոնեության մեջ կոչվում է մատաղ»։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանում է, միևնույն  ժամանակ ՀՀ ԱԳ նախարարության դիմաց քաղբանտարկյալների ազատության պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում, որին մասնակցում են  քաղաքական, հասարակական գործիչներ։

 

 

kotayk

Լրահոս