20 Հունիսի, 2024

Աշխարհի մուսուլմանների՝ դեպի Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաք ուխտագնացության (հաջ) ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1,000-ը, հայտնում է AFP-ն՝ մանրամասնելով, որ զեհերի մեծ մասը չգրանցված ուխտավորներն են:

Անանուն արաբ դիվանագետի խոսքով՝ զոհերից 658-ը Եգիպտոսից է, նրանցից 630-ը գրանցված չի եղել:

Նախօրեին հաղորդվել էր, որ Մեքքա ուխտագնացության ժամանակ մահացել է 577 ուխտավոր: Նրանք մահացել են հիվանդություններից, որոնք կապված են եղել սաստիկ տապի հետ։

Եգիպտոսցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, AFP-ին բացատրել էր, որ զոհերի մեծ թիվը պայմանավորված է հրմշտոցով և այն պայմաններով, որոնցում տեղի է ունենում հաջը: Մասնակիցներից շատերը գրանցված չեն եղել. նրանց ժամանումը առաջացրել է ճամբարների գերբնակեցում, որտեղ ապրում են ուխտավորները։

Այս տարի հաջ է կատարել շուրջ 1,83 մլն ուխտավոր, որից 1,6 մլն-ը՝ օտարերկրացիներ։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ հաջի ժամանակ ուխտավորները երկար ժամանակ մնացել են առանց սննդի, ջրի ու օդորակիչի։ Նրանք շոգից պատսպարվելու տեղ չեն ունեցել։

AFP-ի նյութում նշվում է, որ այն տարածքում, որտեղ Մեքքայում կրոնական ծեսեր են անցկացվում, ջերմաստիճանը տասը տարին մեկ բարձրանում է 0,4 աստիճանով։ Հունիսի 17-ին Մեքքայի Մեծ մզկիթում ջերմաստիճանը կազմել է 51,8 աստիճան։

Հաջը սկսվել է հունիսի 14-ին և տևել մինչև հունիսի 19-ը։ Հունիսի 16-ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ շոգի պատճառով ավելի քան 2 հազար ուխտավոր հոսպիտալացվել է։

2023 թվականին Մեքքա ուխտագնացության ժամանակ մահացել է 240 մարդ։

kotayk

Լրահոս