3 Հուլիսի, 2024
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ընդդիմությանը և Հայաստանում տիրող իրավիճակին։

«Մարդիկ են գրում և հարցնում, թե արդյո՞ք մոտ է պատերազմի վտանգը։ Ինչո՞ւ է մարդկանց մոտ նման հարց առաջացել, որովհետեւ հանրային տիրույթում, ԶԼՄ-ներում հայտնվել են էլի այն մարդիկ, որոնք Ալիևի և Էրդողանի համար այստեղ բուռն աշխատանքներ են ծավալում և ահաբեկում մեր ժողովրդին։ Դրանք եթերային ահաբեկիչներն են:

Նրանք սկսել են օրնիբուն խոսել, որ սպասվում է ագրեսիա, պատերազմ, ու դա կապում են հազար ու մի բանի հետ: բայդենը պարտվեց դեբատներում, պատերազմ է սպասվում, Մարին լը Պենը առաջին տեղն ընկած իր ուժով, Ֆրանսիայում երկրորդ փուլ կա, ուրեմն պատերազմ է սպասվում, Ալիեւը ջղայնացել է, ուրեմն պատերազմ է սպասվում»,-նշել է Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ բոլոր հարթակներում Հայաստանը գցված է. «Դա շատ վատ կարգավիճակ է: Դուք տեսաք, որ Թուրքիան հրաժարվում է հանդիպումից, Ալիեւը իր պահանջները սկսել է անդադար կրկնել: Մի կողմից դուք ամեն օր ստանում եք ուղերձ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր: Բոլորը զարմանում են: Իրականությունն այն է, որ որեւէ բացառիկ հնարավորություն չկա խաղաղության պայմանագրի ստորագրման համար:

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը չի հաստատվել, Ալմաթիի հռչակագիրը չեն ընդունում, Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս չեն գալիս, այսինքն ունենք մի վիճակ, որ 30 տարի ապրել ենք հաղթանակի ժամանակաշրջանում, բայց բլոկադայի մեջ, հիմա էլ ապրում ենք պարտության ժամանակաշրջանը, բայց էլի բլոկադայի մեջ»,-ասաց Մարուքյանը:Նա անդրադարձավ պատճառներին, թե ինչու են անդադար քարոզում, թե պատերազմ է սպասվում. «Յուրաքանչյուր խոշոր դրբեջանական պահանջից առաջ Հայաստանում Ադրբեջանի, Էրդողանի ազդեցության գործակալները, որոնք ներկայանում են տարբեր ձեւերով՝ քաղաքագետ, սոցիոլոգ, վերլուծաբան,  եսիմ ինչ ձահրումար, էս մարդիկ ամեն օր խոսում են այն մասին, որ պատերազմէ  սպասվում, նայեք, հեսա ինչ է լինելու: Ամեն անգամ բարձրացնում են ժողովրդի մեջ լարման մակարդակը, հետո ասում են՝ ժողովուրդ ջան, այ էս բանը եթե անենք, պատերազմ չի լինի: Բնականաբար, հետո իշխանությունները գալիս, ասում են՝ Ադրբեջանն այսինչ բանն ուզում է, եթե չտանք, կլինի պատերազմ, բայց որ տանք, չենք երաշխավորում, որ չի լինի պատերազմ, բայց մեկ էլ տեսար, որ չեղավ պատերազմ: Դա  մեզ ահաբեկելու, մեր դիմադրողականությունը, մեր թափը, մեր ուժը կոտրելու մասին է»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:

Նա նկատեց, որ դրան զուգահեռ երկրում շարունակվում է ներքաղաքական  գզվռտոցը, մարդկանց սպասարկում են կեղծ օրակարգերով. «Առաջին կեղծ օրակարգը իշխանություն-եկեղեցի պտերազմն է, երկրորդը վեկտոր փոխելու օրակարգն է, որը սուտ է ամբողջությամբ: Երրորդ կեղծ օրակարգը ԵՄ անդամության հանրաքվեն է: Ձեզ սնուցում են կեղծ օրակարգերով, այդ ընթացքում հասունանում է պատերազմի վտանգը եւ միակողմանի որեւէ բան զիջելու օրակարգը հասունանում է:

Նախ, էդ մարդկանց մի լսեք, նրանք ահաբեկիչներ են, որոնք եթերներում են: Նրանք մի կողմից սին հույսեր են տալիս, հետո այդ ֆոնին ասում են՝ պատերազմ է լինելու: Որեւէ պատերազմ սպասվելու նախադրյալ հենց հիմա գոյություն չունի: Այդ եթերային ահաբեկիչները նախապատրաստում են մեզ հերթական չդիմադրելու գործընթացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

kotayk

Լրահոս