18 Մարտի, 2023
Ինչպես հայտնի է, մարտի 13-ին Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Այցի ընթացքում Ռասմուսենը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև արևմտամետ փորձագիտական ​​հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է zham.am–ը։

Կայքն արձանագրում է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Ռասմուսենը այցելել է նաև Ջերմուկ, ինչպես նաև հարցազրույց տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։ Ռասմուսենի այցը, նրա հարցազրույցները, ինչպես նաև նրա այցելած վայրերից լուսանկարները լայնորեն գովազդվել էին գործող իշխանությունների քարոզչամեքենայի կողմից։

Բայց պարզվում է Ռասմուսենի այցը հետաքրքիր նախապատմություն ունի: Պարզվում է, որ այցն իրականացվել է բացարձակապես կոմերցիոն հիմունքներով, և Հայաստանի Հանրապետությունը «Rasmussen Global» խորհրդատվական ընկերության հաճախորդն է ընթացիկ ֆինանսական տարվա համար։

Եվ եթե խորհրդատվական ընկերության կայքում կարելի է միայն մեկ հաղորդագրություն գտնել «ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի Հայաստան կատարելիք այցի մասին», ապա եվրոպական «The Transparency Register»-ի կայքում կարելի է գտնել մի շարք այլ մանրամասներ Ռասմուսենի այցի մասին:

Օգտվելով բաց տեղեկատվությունից՝ տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ԵՄ-ում Չինաստանի կողմից չճանաչված Թայվանի առաքելությունը, Ռասմուսենի ընկերության հաճախորդն է։

Օգտագործելով տեղեկատվության նույն աղբյուրը («The Transparency Register»-ը)՝ մենք կարող ենք տեսնել, որ Ռասմուսենի ընկերությունն իր ծառայությունների դիմաց հաճախորդներից ստանում է 10-ից 200 հազար եվրո։ Այսինքն՝ Ռասմուսենի այցը մեր երկիր, նրա հարցազրույցն ու Ջերմուկ մեկնելը Հայաստանի բյուջեին արժեցել է մինչև 200 հազար եվրո։

Լրագրող եղած ժամանակները Նիկոլ Փաշինյանը սիրում էր իր արհամարհական վերաբերմունքը արտահայտել եվրոպացիների նկատմամբ՝ հաճախ նրանց անվանելով «Եվրոյոնջա»։ Սակայն, ինչպես պարզվում է, նույն Փաշինյանը պատրաստ է մի քանի հարյուր հազար եվրո վճարել Հայաստանի տարածքում այս «Եվրոյոնջա»-յի ֆոտոսեսիաների համար։ Միաժամանակ, փաշինյանական քարոզչամեքենան Ռասմուսենի այս կոմերցիոն այցը ներկայացնում է որպես «ՀԱՊԿ-ին Հայաստանի համար այլընտրանքային անվտանգության համակարգ գտնելու արդյունավետ քայլ»։

Համաձայնեք, որ բավականին ուշագրավ է նաև, որ Հայաստանը Ռասմուսենի այնպիսի հաճախորդների թվում էր, ինչպիսին է չճանաչված պետություն Թայվանը։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Լրահոս