2 Հուլիսի, 2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների,  «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ՊԵԿ նախագահն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ, մասնավորապես, բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները։

Միաժամանակ, Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև կառուցապատման ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի տեմպին նշելով, որ այն տեղի է ունեցել ինչպես տնտեսվարողների ջանքերի, այնպես էլ Կառավարության գործուն աջակցությամբ։ Այս համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է համատեղ համագործակցությունն ու ջանքերն առաջացած խնդիրների լուծման հարցում։

Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով,  կառուցողական առաջարկներով։

Քննարկումները կկրեն շարունակական բնույթ։

Լրահոս