13 Հունիսի, 2024

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին․

Պրն. Հարությունյան,
Հայոց Եկեղեցին թիրախավորելու, վերջինիս հասցեին ատելության խոսք տարածելու այսօրվա Ձեր հերթական ջանքում «Գարեգին Բ -ով եք դիմում Հայոց Հայրապետին և այլ անպատշաճ ձևակերպումներ հնչեցնում, մեկնաբանություններ անում նրա հասցեին:
Վստահ եմ, հասկանում եք, որ Ձեր գրառումը կարդում են և՛ Հայաստանում և՛ սփյուռքում, և՛ բարեկամ և՛ թշնամի պետություններում: Եվ ի՞նչ ուղերձ է Ձեր կարգի պաշտոնյան փոխանցում աշխարհին… Ձեր հռետորաբանությամբ չեմ արձագանքում Ձեզ, որովհետև միմյանց մերժելու, միմյանցից հրաժարվելու, ազգին մենքի և դուքի բաժանելու այդ ոգին միայն պառակտում և քայքայում է բերել հայրենի մեր կյանքից ներս՝ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր: Իբրև հայը հային եմ ասում՝ այլ ճամփա փնտրե՛ք, եղբայր, ավելի կառուցողական, ավելի ընդունելի:

Ատելությունը սեր չի՛ ծնում: Ձեր պաշտոնը քաղաքական զգոնություն է ենթադրում, և հասարակական համերաշխության հարցը միշտ առաջնային պիտի լինի Ձեզ համար:
Մի բան ևս: Ինչո՞ւ եք Դուք անմարդկային ճիգեր գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամեն գնով Հայոց Եկեղեցու շարժում դարձնելու: Ի՞նչ խնդիր եք Ձեր առջև դրել, գուցե պարզաբանե՞ք: Թե՞ կարող ենք սա ուղղակի շարունակությունը համարել Ձեր այն անպատասխանատու հայտարարության, թե «հոգևորական չմնաց, որ չմիանար այս շարժմանը»: Դուք էլ գիտեք, որ Ձեր հայտարարությունը կեղծ է, բայց անում եք…Այլ խոսքով՝ ընդհանրացնում եք մասնավորը: Իսկ եթե Ձեր մոտ տպավորություններ կան, որոնք ճշտման կարիք ունեն, ապա, վստահ եմ, որ սբ. Էջմիածնի ճամփան դեռևս հիշում եք:
Լուսավորվեք և լուսավորեք նաև Ձեր կողքիններին: Էլ չասեմ, որ քաղաքագիտական առումով չափազանց պարզունակ և սնանկ է Ձեր կողմից շրջանառվող այն թեզը, որ շարժումը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Այլ տարբերակներ քննարկեք: Նաև, Դուք Ձեր հակաեկեղեցական խոսույթով որոշակիորեն թիրախավորում եք Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականի հավաքական կերպարը: Տեսե՜ք, որ չխախտվեն մարդու/քաղաքացու ո՛չ սեփական կարծիք ունենալու իրավունքը և ո՛չ էլ որևէ մեկի կրոնական զգացումները: Դուք էլ ժամանակին իբրև ՔՊ կուսակցության անդամ այլ կարծիք եք ունեցել շատ հարցերի վերաբերյալ և օգտվել Ձեր կարծիքն ազատ արտահայտելու քաղաքացու իրավունքից: Գիտեմ, որ գիտեք, որ պետք է հարգանքով վերաբերվել բոլոր այլախոհներին և ծայրահեղ չարձագանքել: Միգուցե որոշների հետ Դուք նույնպես դադարեք Հայոց Եկեղեցին Ձեր իշխանությանը հակառակ ուժ դիտելուց, և ազատվեք այդ բարդույթից:
Ձեր խոսքից և ձևակերպումներից արդեն իսկ ակնհայտ է, որ խնդիր ունեք Հայոց Եկեղեցու՝ որպես ինստիտուտի հետ: Եթե սխալ ենք, ապա հակառակն ապացուցեք:
Իբրև հայ, առավել ևս իբրև պետական պաշտոնյա պարզապես հիշե՛ք, որ Հայոց Եկեղեցին նաև Ձերն է, ինչպես, որ յուրաքանչյուր հայինն է Հայաստանի Հանրապետությունը: Եվ վերջապես, Ձեր մեկնաբանությունն արվել էր Տ. Սևակ քհն. Սարիբեկյանի գրառման առնչությամբ: Տեր Հորը ճանաչում եմ իբրև նվիրյալ, նախանձախնդիր հոգևորականի: Միևնույն ժամանակ համաձայն չեմ նրա որոշ ձևակերպումների հետ: Մենք հոգևոր ասպարեզում ազատ ենք տարբեր տեսակետներ ունենալ հարցերի շուրջ («ազատութիւն յերկբայականս», ինչպես մեր հայրերը կասեին), որը երբեք չի սասանել եկեղեցու միասնությունը:
Ես անհամբեր սպասում եմ, արդյոք կգա՞ մի օր, որ ՔՊ կուսակցության անդամներից մեկը քաջություն կգտնի իր մեջ հրապարակային հակադրվելու իր կուսակից ընկերոջ կողմից Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի հավաքական կերպարը թիրախավորող հակաեկեղեցական հայտարարություններին:
Դուք և Ձեր կուսակցության որոշ անդամներ, անվերջ խոսում եք ժողովրդավարությունից, մինչդեռ տպավորություն կա, որ խոսքի ազատության իրավունքից բոլորը չէ, որ հավասարապես օգտվում են…Չգիտենք, թե ինչն է նրանց խանգարում: Հայոց Եկեղեցին աղոթել և շարունակելու է աղոթել իր զավակների համար:
Հ. Գ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ քննական ուսումնասիրության ենթարկեք նյութը, կամ այդ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք: Առավել ևս, որ Դուք գիտնական եք:
kotayk

Լրահոս