6 Ապրիլի, 2024
Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը դեմ է դուրս եկել տարածաշրջանի բոլոր երկրներին՝  հարաբերություններ հաստատելով Արևմուտքի հետ, արտաքին քաղաքական կուրս փոխելով դեպի Արևմուտք։  Հասկանալով, որ այս իրավիճակում Հայաստանը տարածաշրջանում մենակ է մնացել, Արբեջանը փորձում է իրավիճակի սրման միջոցով լրացուցիչ զիջումներ պարտադրել հայկական պետությանը,Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին։

«Այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է․ իրենք քանի օր շարունակ՝ քննադատում էին երեկ տեղի ունեցած Փաշինյան-ֆոն դեր Լայեն – Բլինքեն հանդիպումը։ Հիմա էլ տեսնելով, որ այդ քննադատությունների ալիքը ուղղվել է Հայաստանին նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից, Ադրբեջանը հարմար պահ է գտել՝ ևս մեկ անգամ ուժի միջոցով մեզ ինչ-որ բաներ պարտադրելու, ինչ-որ զիջումներ կորզելու»,- կարծիք է հայտնել Մելիք-Շահնազարյանը։

Դիտարկմանը՝ հանդիպումից առաջ դեռևս կային մեղադրանքներ, թե հայկական կողմը կուտակումներ է անում, զինվում է և այլն, քաղաքագետն արձագանքել է, որ  այդ մեղադրանքներն էլ էին բրյուսելյան հանդիպման ֆոնին․

«Այսինքն, անընդհատ խոսք էր գնում այն մասին, որ երկիրը  դեպի Արևմուտք տանելը հակամարտություն է բերելու տարածաշրջան, և Ադրբեջանը հիմա այդ գնահատականները փորձում է ի ցույց դնել՝ լարվածության մեղքը բարդելով և՛ հայկական կողմի, և՛ Արևմուտքի վրա, որոնք, իբրև թե,այնպես են զինում Հայաստանը, որ եթե հիմա դեմը չառնվի, ուրեմն ամբողջ տարածաշրջանում մեծ պատերազմ է սկսվելու»,- ասել է նա։

Քաղաքագետն ընդգծել է, որ հիմնական պայքարը Հայաստանի տարածքով թուրքական միջանցք ստեղծելու համար է․

«Ռուսաստանը ցանկանում է, որ դա լինի իր վերահսկողության տակ, թուրք-ադրբեջանական դաշինքը վերահսկողություն ընդհանրապես չի ցանկանում տեսնել, Արևմուտքն էլ իր վերահսկողության մեխանիզմներն է փորձում հաստատել։ Այս տեսակետից, երբ  հիմա մտերմանում են Հայաստանի իշխանությունների  հարաբերություններն Արևմուտքի հետ, կա մտավախություն և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում, որ կարող է այդ միջանցք կոչվածը հայտնվի արևմտյան վերահսկողության տակ։ Հիմա դրա դեմ է պայքար գնում»։

Հարցին՝ բրյուսելյան հանդիպմանն այդպիսի էական պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը կամ տարածաշրջանի այլ պետություններ  ակնարկներ են անում, թե վեկտոր ենք փոխում, քաղաքագետը պատասխանել է․

«Սկսենք նրանից որ մամլո հաղորդագրության մեջ տարածվածը կարող է լիարժեք չարտահայտել իրական պայմանավորվածությունների մասշտաբները, այսինքն,  ինչ-որ բան հայտարարում են, բայց գործընթացը շատ ավելի մեծ հեռանկարներ ու հեռուն գնացող նպատակներ է իր մեջ պարունակում։

Վստահ եմ՝ առաջիկա զարգացումներին հետևելով՝ կհասկանանք՝ էլ ինչ են խոսել, որը չի հայտարարվել։ Բայց այն, ինչը կա մամուլում,  ամբողջը չէ և, բնականաբար, մեր հարևան երկրները գիտեն, որ դա չէ ամբողջը։ Իրենք բոլորն աշխատում են, տեղեկացված են, և ավելի քան համոզված եմ, որ մտահոգվելու տեղ իրականում ունեն՝ իրենց շահերի տեսակետից»։

Քաղաքագետի խոսքով՝ մյուս կողմից էլ պարզ ցույց է տրվում մեր ժողովրդին, ընդ որում նաև Արևմուտքի կողմից, որ անվտանգային երաշխիքներ ամեն դեպքում մեզ չեն տրվելու։

«Այսինքն, այն, ինչ տարածվեց մամուլում, ուղերձ էր ժողովրդին, որ մենք այսքանն ենք պատրաստ անել մնացածն ինչ կլինի արդեն տեղի խնդիրներն են։  Ուստի մենք հիմա գնում ենք դեպի Արևմուտք՝ առանց հստակ անվտանգության երաշխիքների, իսկ այն, որ Ադրբեջանը տեսնում է, որ այդ անվտագնության երաշխիքները չկան Արևմուտքի կողմից, նաև տեսնում է դժգոհություն Ռուսաստանի կողմից  Հայաստանի հանդեպ, բնականարար, առիթից փորձում է օգտվել՝ ինչ-որ նոր բաներ կորզելու, դիրքերն ավելի ամրապնդելու համար»,- շեշտել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 

 

kotayk

Լրահոս