3 Հունիսի, 2024
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Ուկրաինայի Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի գործընկեր Կիևի Գոլոսեևսկի շրջան։

Պաշտոնական հանդիպման ընթացքում շրջանի ղեկավար Սերգեյ Սադովոյի հետ քննարկվել են ձևավորված երկկողմ հարաբերությունների ամրապնդման, հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։

Կողմերը կարևորել են երկուստեք համագործակցությունը, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից:

Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։

Աշխատանքային այցի ընթացքում հունիսի 2-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպել է նաև Օդեսայի հայկական համայնքի ներկայացուցիչներին,

այնուհետև մասնակցել կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին նվիրված միջոցառմանը, որտեղ դեսպանը և Տիգրան Տեր-Մարգարյանը հանդես են եկել ողջույնի խոսքով։

Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։

kotayk

Լրահոս