4 Փետրվարի, 2023

Եթե իշխանությունն անում է ամեն ինչ Լաչինի միջանցքից, Արցախի ծանր վիճակից ուշադրությունը շեղելու համար, այսօր տեղի ունեցած քննարկումը Լաչինի միջանցքի վեաբերյալ, ընդդիմությունն ու ոչ իշխանական հատվածում գտնվող մյուսները անընդհատ թեման փորձում են թեժ պահել, մնալ իրականության մեջ։

Այդ առումով կարևոր էր այսօր Հայաստանի խորհրդարանում լսումները, որտեղ խորքային վերլուծություններ եղան տարբեր մասնագետների կողմից՝ իրավաբաններ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ, պատգամավորներ և այլոք։ Ինչո՞ւ է իշխանությունը ուզում մոռացության տալ Լաչինի թեման, շատ լավ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ մարդ, որը ուղնուծուծով թուրքական, ադրբեջանական քարոզչության տակ մնացած անձ է, որը Հայաստանի Հանրապետությունում այդ երկրների շահերի լավագույնս սպասարկողն է։ Իր անունից, ամբողջ իշխանության անունից ելույթ ունենալով՝ կոչ արեց, հայտարարեց Արցախում ապրող մեր 120 հազար հայրենակիցներին, որ իրենց համար կարևորը Հայաստանի 3 մլն բնակչությունն է։ Ամենավտանգավոր հայտարարություններից մեկը, որ երբևէ ունեցել է ՔՊ-ական թիմը։

Սա իշխանության դիրքորոշումն է․ մինչ այս ասում էին մեզ համար կարևորը մեր՝ Հայաստանի 28,800 քառակուսի կիլոմետրն է, որից արդեն ահագին փոքրացրել են, հիմա էլ ասում են թքած արցախցիների ճակատագրի վրա։ Ընդ որում, սա վերջին երկու տարվա անընդհատ նահանջների շրջանակներում է․ սկզբում՝ ստորագրեցինք կապիտուլյացիա, որ փրկենք 25 հազար զինվորի կյանք, հետո՝ տանք Սյունիքից տարածքներ, որ խուսափենք պատերազմից, տանք Սև լճի կեսը, որ չտանք ամբողջը, հետո՝ տանք անկլավներ, որ պատերազմ չլինի, տանք Ղարաբաղը, որ փրկենք Հայաստանը, զոհենք ղարաբաղցիներին, որ փրկենք Հայաստանցիներին։ Սա այս պահին, տրամաբանական շղթան բերում է նրան, որ ասենք՝ տանք Սյունիքն ու Գեղարքունիքը, որ փրկենք Արարատն ու Արմավիրը, հետո կտանք Արարատն ու Արմավիրը, որ փրկենք արդեն Ձերաղբյուրն ու Քասախը, որովհետև արագ տեմպերով հարստացող իշխանականները դղյակներ են կառույցում այդ ամառանոցային տարածքներում (երևի թալանից հետ բերած փողերով)։

Բայց հետաքրքիր է՝ եթե Նիկոլական իշխանության համար կարևորը մեր 3 մլնի կյանքն է, այդ դեպքում ինչո՞ւ նախ 3 մլնից 5 հազարին տարաք կոտորածի, հետո 225-ին, հետո 15-ին ու վերջը չի երևում։

Երկու օր է հայ հանրությունը քլնգում է ՌԴ արտաքին գործերի նախարարին, որովհետև իրոք ասել է բաներ, որոնք հա՛մ մեր շահերից չեն, համ էլ վայել չէ դաշնակից երկրին։ Բայց մեկը հարց չի տալիս, էդ որ իշխանության ներկայացուցիչը, օլիգարխը ասում է մենք պետք է մտածենք ոչ թե Արցախի 120 հազարի մասին, մենք ՌԴ արտաքին գործերի նախարարից ի՞նչ ենք պահանջում։

Լավրովից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է, որ այդ շրջանները Ադրբեջանին էին, Հայաստանի վարչապետն ասում է, որ ես համաձայն եմ Պրահային փաստաթղթով խաղաղություն կնքեմ, իսկ այդ փաստաթղթով Ստեփանակերտը Ադրբեջան է։ Նիկոլի ասածի հետ համաձայն ենք, Լավրովի ասածի հետ ո՞չ։ Հլը Լավրովը Արցախի բուն տարածքի մասին չի խոսում, ինքնորոշման հարցը թողնում է, սրանք ասում են չէ, Ադրբեջանինն է։ Ինչո՞ւ Սերգեյ Լավրովը էդքանը չէր ասում նախկին ղեկավարների օրոք։ Որովհետև նրանք Արցախի 7 շրջանը հանձնելու մասին չէին խոսում, Նիկոլը խոսում է։

Որ Նիկոլն ասում է Շուշին հայկական չէր, նորմալ ա, որ Լավրովն ասում է 7 շրջանները նրանցն էր, հոխորտում ե՞ք։ Եթե Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչը ամբողջ իշխանության անունից հայտարարում է, թե թքած Արցախում ապրող 120 հազարի ճակատագրի վրա, ես դնեմ չտեսնելու տամ ու քլնգեմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին, որը խոսում է Նիկոլի հանձնած տարածքների մասի՞ն։

Մինչև հիմա Թուրքիան հայտարարում է, թե ինչ կարևոր է Լաչինի միջանցքի փակումը, էսօր ՔՊ-ական դեպուտատն է խոսում թուրքերի հետ բարեկամությունից, նրանից առաջ էլ Էկոնոմիկայի նախարարն է թուրքերի գովքն անում։ Նրանց բան չենք ասում, ասում ենք՝ դե Քերոբյանն ա էլի, դե բիզնեսմեն Արսենյանն ա էլի, բայց Լավրովից նեղանում ենք։

Նիկոլն ասում է, որ Ադրբեջանն ուզում է հայաթափել Ղարաբաղը, բայց ես գնում եմ ստորագրեմ փաստաթուղթ, որով Ղարաբաղը Ադրբեջան է։ Ասում է Ալիևն ուզում է ցեղասպանել ղարաբաղցիներին, բայց ես չեմ բանակցելու, թող ղարաբաղցիները բանակցեն։ Բա որ Հայաստանը չի բանակցելու, Ռուսաստանը չի կարող բանակցել, խեղճ Արցախը ո՞նց բանակցի, ու՞մ հետ բանակցի, երբ դեմից թուրքն է հարվածում, թիկունքից դու։ Հիմա մենք հայամետություն պահանջենք ոչ թե մեր վարչապետից, այլ մի երրորդ երկրի արտգործնախարարի՞ց։ Ռուսին խնդրում ես, որ խաղաղապահ բերի Արցախ, հետո Արևմուտքի պլանով հանձնում ես նույն տարածքը թշնամուն։

Ռուսները, ամերիկացիները, մյուսները ինչ ուզում են կխոսեն, մեր հայրենիքն է, մե՞նք ինչն ենք անում ու խոսում։ Մենք բացարձակապես տեղյակ չենք, թե իրականում քանի փաստաթուղթ կա ու որ փաստաթղթով ինչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ բանավոր պայմանավորվածությունների մասին էլ չասած։ Արդյո՞ք Ադրբեջանի այս քայլերը չեն տեղավորվում Հայաստանի վարչապետի հետ պայմանավորվածությունների մեջ։ Արդյո՞ք ամեն անգամ բանակցությունների գնալիս Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը չի եղել անել այնպես, որ արդյունքում ինքը մնա վարչապետ, մնացածը թքած։ Չի՞ լինի Արցախ, ինքը մնա ղեկավար, չի՞ լինի Սյունիք, ոչինչ, միայն թե ինքը մնա ղեկավար։

Հայաստանում քաղաքական մտքի պակաս չկա, ասելիքի պակաս չկա։ Բայց Հայաստանում կա մեծ խնդիր։ Մենք անընդհատ լսում ենք, գնահատում ենք, թե ով ավելի լավ խոսեց, ավելի սուր հակադարձեց․ ինչո՞ւ չգնացիք հարց տայիք Նիկոլին, ինչի՞ չարձագանքեցիք ՔՊ-ական այսինչին, Լավրովին բան չունե՞ք ասելու, վայ Արսենյանին բա, թշնամական բան է ասել։ Ժողովուրդ ջան, հստակ գիծ կա՝ իշխանությունը գնում է հանձնումների և Հայաստանի թրքացման։ Դա իր հստակ գիծն է։ Մեզ զբաղեցնում են խոսելով, հակադարձելով, բռնելով, փակելով, հրդեհով, իրենց սև գործն անում են։ Հայաստանի իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, ինչի համար եկել է, ի՞նչ են անում մյուսները։ Մենք խոսում ենք, իրենք խոսելու հետ միասին հանձնում են։ Սրա դեմն առնելու տարբերակ կա՞։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունն ասում է՝ դավաճանություն եմ անում, թե ոչ, լավ եմ անում, իշխանությունը ես եմ, ես սենց եմ անում։ Ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես հասկացրու, հակադարձի, քանի նա է իշխանությունը, այդպես է անելու։ Չես ուզում անի, պետք է փոխես․ իսկ ելույթով իշխանություն չի փոխվելու։ Իսկ քանի դեռ իշխանությունը չի փոխվում, մեր երկիրը դուրս չի գալու նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թղթի ու դրան հաջորդած զիջումների տակից։ Այսօր ՔՊ-ան դեպուտատ Արսենյանը շատ հստակ ձևակերպեց, որ նրանք չեն վտանգելու իրենց իշխանությունը, հանուն 120000 արցախցիների փրկության․․․ Այո, այո, այդ արտահայտությունը պետք է այդպես կարդալ, կարևորը ոչ թե 3 մլն հայաստանցիներն են, այլ ՔՊ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։

Աղբյուրը՝ yerevan.today

 

kotayk

Լրահոս