6 Դեկտեմբերի, 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց օրեր առաջ ընդդիմության Գեղարքունիք արած այցից: Պատգամավորի ելույթը ներկայացնում ենք ստորև. «Շաբաթ օրը Գեղարքունիքում էինք։ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու։ Եղանք Արեգունի, Փոքր Մասրիկ, Նորաբակ, Սոթք գյուղերում, Վարդենիս քաղաքում։

Ինչ տեսանք՝ տեսանք։ Ես խոսելու եմ մեկ կոնկրետ ընտանիքի մասին։ Հայաստանի Հանրապետության կոնկրետ քաղաքացիների մասին։ Սա այն դեպքն է, որ եթե կոնկրետ մարդու հարցերով պետությունը չի զբաղվում, սուտ եւ ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը։ Վահան Մեխակի Հակոբյան. պայմանագրային զինծառայող, ծնված 1993 թվականին։ Զոհվել է սեպտեմբերի 13-ին, Կապուտան գյուղի վերեւի դիրքում։ Տանը մայրն էր՝ տիկին Վարսիկը՝ տարիքից շատ ավելի մեծ երեւացող, ամբողջ կյանքն աշխատած գյուղացի կին, ողբերգությունը դեմքին ու խոսքում։

Տանը հարսն էր՝ Նաիրան եւ նրա չորս երեխաները։ 7 տարեկան Վարսիկը, 6 տարեկան Նարեն, 4 տարեկան Էլենը եւ 1.5 տարեկան Գոռը։ Փնտրեք եւ նրանց նկարները կգտնեք մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջում։ Կարծում եմ` ընտանիքի վիճակը պարզ է։ Հիմա խնդիրը։ Վահանը եւ Նաիրան ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին։ Սակայն, ցավոք, ամուսնությունը չեն գրանցել։ Արդեն մոտ երեք ամիս չեն կարողանում բյուրոկրատական քաշքշուկը հաղթահարել ու ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված փոխհատուցումը։ Վարչապետ, պաշտպանության նախարար, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, անջատվեք տոնածառի եւ Եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից, գնացեք Արեգունի, այդ տուն, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի, չորս երեխաների առաջ եւ արագ լուծեք այս հարցը։ Կարճ ժամանակ ունեք։

Եթե չարեցիք, ավելի լավ է գետինը մտնեք»։

 

Լրահոս