24 Մարտի, 2025

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

Այս գրառումս արել էի նախորդ տարի վիճակահանությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ազգերի լիգայի փլեյ օֆում հանդիպելու են Հայաստանի ու Վրաստանի ազգային հավաքականները:

Անցնող օրերին կայացած այդ հանդիպումների հաշվի, մեր հավաքականի խաղի, մեր ֆուտբոլի վիճակի մասին այս պահին չեմ ուզում խոսել, այստեղ պարզապես խոսքեր չկան:

Միեւնույն ժամանակ, անկասկած շատ տհաճ ու անցանկալի էր պատկերը Թբիլիսիում կայացած խաղից հետո, Վրաստանի հավաքականի մի քանի տասնյակ երկրպագուի մասնակցությամբ՝ ընդդեմ հայ երկրպագուների:

Նաեւ այդօրինակ միջադեպեր թույլ չտալը նկատի ունեի, երբ նախորդ տարի նշում էի, որ խաղից զատ, շատ կարեւոր է լինելու թույլ չտալ, որ որեւէ մեկը խաղն օգտագործի հայ-վրացական հարաբերությունը մեծ կամ փոքր սադրանքի ենթարկելու համար:

Երեւանում չեղավ որեւէ այդպիսի խնդիր, իսկ ահա Թբիլիսիում խաղի կազմակերպիչները փաստորեն չկարողացան զերծ պահել պատկերը տհաճ միջադեպից, որ արդեն իսկ պտտվում է սոցցանցային տեսանյութերով եւ թողնում իր նստվածքը:

Ողջունելի է տեղեկությունը, որ Վրաստանի հավաքականի ֆան ակումբները կապվել են հայաստանյան ֆան ակումբների հետ եւ ներողություն խնդրել միջադեպի համար: Բայց, նաեւ ցանկալի կլինի, որ այդ ներողությունն էլ պտտվեր սոցցանցերում, ինչպես պտտվում են միջադեպի կադրերը:

Խաղից առաջ էլ գրել էի, հայ-վրացական հարաբերությունը շատ կարեւոր, ռազմավարական նշանակության, բայց միեւնույն ժամանակ նուրբ եւ զգայուն մի հանգամանք է, որ պարունակում է իսկապես երկկողմ խնամակալություն ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում:

Լրահոս