Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել են 4 թեկնածու՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը, համայնքի նախկին ղեկավար Վահան Գեւորգյանը, հացաթխման արտադրամասի պետ Սամվել Զաքոյանը, վարորդ-առաքիչ՝ Վիգեն Շահինյանը: Սարուխան համայնք եղած ժամանակ հանդիպեցինք ժամանակավոր պաշտոնակատար և առաջադրված թեկնածու՝ Լյովա Աբրահամյանի հետ:
– Պարոն Աբրահամյան, արդեն մի քանի ամիս է զբաղեցնում եք ժամանակավոր պատոնակատարի պաշտոնը, ծանո՞թ եք համայնքի խնդիրներին: Եվ ինչու՞ ցանկություն հայտնեցիք առաջադրվելու, կմանրամասնե՞ք:
– Աշխատանքային փորձս բավարարում է առաջադրվեմ և աշխատեմ գյուղապետի պաշտոնում: Մի փոքր պատմեմ աշխատանքային կենսագրությունից, եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, բայց վաղուց անկուսակցական եմ, քանի որ մեր քաղաքական հայացքները չհամընկան, որոշեցի հեռանալ դաշտից: Համայնքի ղեկավարի դերում քաղաքական դաշտի անդամ լինելն ու կուսակցական լինելը պարտադիր չէ, գյուղապետը պիտի տիրապետի համայնքային աշխատանքներին: Առաջնայինը քաղաքական հայացքների պահպանումը չէ, այլ՝ գյուղացու կողքին լինելը, մենք քաղաքական գործիչներ չենք, դա պետք է նկատի ունենալ: Նախկին համայնքապետի հետ լավ ջերմ հարաբերությունն եմ ունեցել, Աստված հոգին լուսավորի, նրան իսկապես սիրում էր ժողովուրդը:
– Ընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր կիրականացնեք:
-Համայնքում առաջնային խնդիրն աղբահանությունն է, տեխնիկական խնդիր ունենք, կոյուղաջրերի հեռացման խնդիր, որոնք իհարկե դժվարությամբ կկարողանանք լուծել, քանի որ այսքան տարի լուծում չի ստացել: Կենտրոնական ճանապարհների հնարավորինս բարեկարգ վիճակի պետք է հասցնել և լուսավորվածության խնդրին անդրադառնալ: Հետո մտածում ենք համայնքում արտադրություն ստեղծելու մասին, մեր գյուղում ունենք այդ պոտենցիալը, գյուղատնտեսական ապրանքների մշակում և սպառում: Սարուխանցին միշտ մտածում է վաստակելու մասին, միշտ ցանկանում է էլ ավելի լավ ապրել, չէ՞ որ կյանքը առաջ է ընթանում, իսկ ժամանակից հետ մնալն արդեն իսկ բացասական հետևանքների առաջ կկանգնեցնի մեզ: Շատ եմ կարևորում համայնքում սպորտով զբաղվող երեխաների ապագայի և սպորտ դպրոց ունենալու փաստը, դա ևս կարևոր հարց է:
– Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել համայնքը, գուցե՞ միտք կա նոր կառույցով համալրել համայնքը:
-Այո’, ի վերջո մեր եկեղեցու բացումն ենք ուզում իրականացնել, շատ քիչ աշխատանքներ են մնացել: Դպրոցները ճիշտ է կառավարության ուշադրության կենտրոնում են, բայց վերանորոգման անհրաժեշտություն կա, որը կարծում եմ համայնքի բյուջեով կփորձենք իրականացնել: Խաղահրապարակների և այգիների, կանաչապատման տարածքների ստեղծումն ու պահպանումը պետք է մեր կենսակերպը լինի, դրանց առկայությունը համայնքի մասին դրական կարծիք է թողնում համայնք այցելող հյուրերի մոտ:
– Այսպիսի կարծրատիպ կա, երբ համայնքապետը ստանում է համայնքի բնակիչների վստահության քվեն, կարծես ընտրվելուց հետո անձեռնմխելի է դառնում և բնակչին ավելի վերևից է նայում:
– Նման դեպքերում ես անընդունելի եմ համարում, ընտրված համայնքապետի վերաբերմունքը, չէ՞ որ ժողովուրդն է քեզ ընտրել, դու նրան հուսախափ չպիտի անես, դու էլ նրանցից մեկն ես: Ես կարևորում եմ համայնքի ղեկավարի և բնակիչների շփումը և համագործակցումը, որը, անշուշտ, կնպաստի բնակչության շահերից բխող որոշումներ կայացնելուն: Յուրաքանչյուր աշխատանք և ծրագիր թիմային աշխատանքի ժամանակ, շատ ավելի բարձր ցուցանիշներ է ունենում: Գիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ կձևավորվեն, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծի։
Մեր հայ ժողովրդին ցանկանում եմ մեծ հաջողություններ ունենան, մեր ժողովուրդը արարող, ստեղծող տեսակ է և արժանի է արժանապատիվ կյանքով ապրելուն: Սարուխանցիներին կո՛չ եմ անում մասնակցել կայանալիք ընտրություններին և ընտրել նոր Հայաստանի Սարուխան համայնքի նոր ղեկավարին:
Mnews.am