19 Հոկտեմբերի, 2022

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Ասլամազյանը։

Ani Product

44-ամյա Արմենը 17 տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության։ Նախքան Քարվաճառի հանձնումը նա ծառայում էր Օմարում։ Մասնակցել էր ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներին։

Ani Product

«44-օրյա պատերազմից հետո դիմում գրեց եւ դուրս եկավ Զինված ուժերից։ Իր վրա շատ ծանր ազդեցություն էր ունեցել մեր զինվորների կորուստը։ Բայց կարճ ժամանակ անց Արմենը նորից վերադարձավ, իրենն էր զինվորականի կյանքը, չէր կարող հրաժարվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Ասլամազյանի հորաքույրը՝ Մարգարիտա Դավթյանը։

Զինված ուժեր վերադառնալուց հետո Արմենը ծառայությունը շարունակել է Ջերմուկում։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ի լուսադեմին Արմենի դիրքը պահելու համար շատ թեժ ու երկար մարտեր են ընթացել։ Ի վերջո, 16 հոգուց կազմված գումարտակը շրջափակման մեջ է ընկել։ Արմենը եւ տղաները որոշել են պայթեցնել իրենց՝ իրենց հետ տանելով նաեւ թշնամու 400 հոգանոց ջոկատի մեծ մասին։ Տղաների կյանքի գնով դիրքը մեր վերահսկողության տակ է մնացել։ Արմենը միշտ ասում էր՝ զինվորը գերի չպետք է ընկնի։ Ելք միշտ կա։ Եթե զգում ես, որ այլ այլեւս հնարավոր չէ թշնամու դեմ պայքարել, քեզ պետք է պայթեցնես»,- նշեց Մարգարիտա Դավթյանը։

Արմենն ամուսնացած էր, ուներ երկու որդի։ Ավագ որդին, որպես ժամկետային զինծառայող, եւս մասնակցել էր 44-օրյա պատերազմին։ Կրտսերը որպես ժամկետային զինծառայող ծառայում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

 

Լրահոս