16 Մայիսի, 2024

«Գիշերը ժամը 12։00-ին փակել են մոստը»,- լրագրողների հետ զրույցում ասում են Կիրանցի բնակիչները, որոնք փակել են ճանապարհը այս անգամ իրենց դժգոհությունը հայտնելով երեկ ԱԳՆ հաղորդագրությունից ու կառավարության պարզաբանումից սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

«Տարածել են լուր, որ իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին։ Այդ 25 հեկտար հողատարածքը պատկանում է մեզ, ականապատ տարածք է։ Դա մեր հսկողության տակ է, այդ ինչպե՞ս վերադարձրին մեզ, դա մերն է, պետք չի, որ վերադարձնեն մեզ։

Դա մեզ է պատկանել, հիմա որ ասում են մեզ են վերադարձնում, դա դեռ չի նշանակում, որ մեզ համար մեծ զիջումներ են։

Դա անվտանգության նկատառումներով ականապատ է եղել, գտնվել է մեր վերահսկողության տակ։  Չգիտեմ էլ, հիմա ականազերծո՞ւմ կլինի, թե՞ չէ, գյուղացին կկարողանա՞ օգտագործել այդ 25 հեկտարը»,- ասում են կիրանցիները։

«76 թվի քարտեզով, եթե չեմ սխալվում, կամուրջն էլ է մերը, տարածքն էլ»,- նշում է մեկ այլ կիրանցի։

Բնակիչներից մեկն ասում է. «Համայնքի անունից հայտարարում եմ երկու անգամ ընտրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 80-90 տոկոս ձայնով։  Խնդրանք ունեմ այդ մարդիկ մոտենան, գան, մեզ բացատրեն, երդվում էին ամբիոնից, խոսում էին, որ 1 սմ հող Հայաստանի տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հեկտար են տալիս։ Ես խնդրանք ունեմ, որ այդ մարդիկ գան, բացատրեն, ինչո՞ւ են տալիս, կամ ինչպե՞ս են տալիս»։

Կիրանցիները նշում են, որ ամենացավոտ կետերի վերաբերյալ ոչ մի պարզաբանում չեն տալիս։ Նաև ասում են. «Ինչ փոխհատուցում։ Հայրենիքն ու մարդու կյանքը անփոխարինելի են»։

Լրահոս