27 Մայիսի, 2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2024 թվականի մայիսի 21-ին մասնակցել է իր ընկերոջ երեխայի մկրտության առիթով կազմակերպված խնջույքին։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դրսևորելով ոչ ադեկվատ և ագրեսիվ վարքագիծ՝ խնջույքի մյուս մասնակիցների հետ նա խոսել է կոպիտ ու բարձր տոնով՝ փորձելով կոնֆլիկտ հրահրել: Ընկերոջ կողմից արված դիտողությունից և նրան հեռանալու պահանջ ներկայացվելուց վրդովված՝ 39-ամյա տղամարդը, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, վիճաբանել է ընկերոջ հետ, կին հյուրերից մեկի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ տալով նաև անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ:

Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված և պահվող ատրճանակով, դուրս է հրավիրել ընկերոջը և շարունակել վիճաբանել վերջինիս հետ։ Այդ ընթացքում իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով նա օդ է կրակել՝ խնջույքի մասնակիցների մոտ վախի զգացում առաջացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի, համակեցության կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով: Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդուն, առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու վերաբերյալ։

Վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նույն տեսակի հրազեն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս