25 Հունվարի, 2023

Պարզվում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության» ղեկավար Սեյրան Օհանյանը չի կարող ծանոթանալ իրեն վերաբերող միջնորդություն-մեղադրանքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը:

Նա նշել է. «Իրավիճակի աբսուրդը. շոուների սիրահար և երկրի իրական օրակարգերից մշտապես հասարակությանը շեղել փորձող այս իշխանություններն, ինչպես արդեն հայտնի է, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել, ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ, հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետեւ վերջինիս մերժել են տրամադրել այդ թույլտվությունը (խոսքը Հայաստանի և Արցախի նախկին Պաշտպանության նախարարի մասին է, ով ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն)։

Ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու ու ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին»։

 

Լրահոս