mnews

29 Նոյեմբերի, 2022
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո հարուցված մի քրեական գործով դեռ մեկուկես տարի առաջ պետությանն է վճարել 3.5 միլիարդ դրամ կամ մոտ 7 միլիոն դոլար։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, այս գումարը Սարգսյանը վճարել է որպես հանցագործությունների հետևանքով պատճառված վնաս, տույժ ու տուգանք։ Այս է պատճառը, որ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

Ըստ դատախազության՝ Սարգսյանին առնչվող քրեական գործը հարուցվել էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հոդվածով, որով նախատեսվում է 5-10 տարի ազատազարկում գույքի բռնագրավմամբ։ Իրավապահները, փաստորեն, չեն շարունակել քրեական հետապնդումը հենց այն պատճառով, որ Սարգսյանը կամովին վճարել է ժամանակին թաքցրած հարկերը։

«Ասում էր չէ՞ բա հարցնելու են՝ ո՞ւր է Սաշիկի 50 տոկոսը։ Ասում եմ` ո՞ւր ա։ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 մլն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ»,- վարչապետ Փաշինյանն այս մասին խոսել էր 2018-ի հեղափոխությունից ամիսներ անց։

Գլխավոր դատախազությունը նշում է, որ 66-ամյա Սարգսյանը բացի 7 միլիոն դոլարից, 20.5 միլիոն դոլար էլ նվիրաբերել է Արցախի զինված ուժերին և զինծառայողների հիմնադրամին։

Փաստորեն, Ալեքսանդր Սարգսյանը վճարել է 27.5 միլիոն դոլար։

«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը Սարգսյանին առնչվող ընդամենը երկու քրեական գործն է մատնանշում։ Խոսք չկա տարիներ շարունակ տարբեր բիզնեսներում ապօրինի 50 տոկոս փայ մտնելու պնդումների շուրջ, որի մասին ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին խոսում էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ Փաշինյանի թիմը հանրության այդ սպասելիքը չիրականացրեց։

«Իրականում շատ հաճախ ոչ փաստարկված էսպիսի ամպագոռգոռ հայտարարությունները իրավապահ դաշտում կամ քրեական գործերի շրջանակներում չեն ապացուցվում։ Որոշակի դրամական փոխհատուցման միջոցով մարդիկ ազատ են արձակվում, ինչը ստեղծում է տպավորություն, որ դրանք ուղղակի անհիմն էին, կամ էլ ավելի շատ իրավապահ համակարգը պատշաճ քննությւոն չի կատարել, կամ բավարար փաստեր չի հավաքքել։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք կամ իշխանության ղեկին կանգնած անձանց չափազանցեցված մոտեցումների, կամ թերացումների իրապահ համարագի կողմից», – ասաց իրավապաշտպանը։

Բացի հարկեր չվճարելու գործից, Սարգսյանը մեղադրվում էր նաև խարդախության համար Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով։

Ըստ իրավապահների, հենց Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանն էր Սարյանի ժառանգի վստահությունը չարաշահելով վերցրել 280 հազար դոլար արժողությամբ գծանկարները՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չէր կատարել։ Այս գործը ևս փակվել է հանցակազմի բացակայության հիմքով, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ստացվում է, որ Սարգսյանները հանցագործություն չէին արել՝ մայրաքաղաքի Թումանյանի փողոցի իրենց բնակարանում պահելով հայտնի նկարչի գործերը։ Այնիչդեռ 2018-ի հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Նրա այդ բնակարանից էլ հայտնաբերվել էին Սարյանի գծանկարները։ Նկարչի գործերը տեղափոխվել էին Ազգային պատկերասրահ, բայց հիմա դրանք գտնվում են հին վայրում՝ Սարգսյանների բնակարանում։

Լրահոս