11 Ապրիլի, 2025

«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին պատկանող «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում, տասնյակ տարիներ ընդունել է հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Այս հանգստյան գոտում, 2010 թվականից սկսած, Հայաստանի բոլոր վարչապետները խորհրդակցություններ, արտագնա նիստեր են անցկացրել կամ պարզապես հանգստացել։ Այժմ ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին։

«Հետք»-ը գրում է, որ 2022 թվականի մարտին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը, 796 մլն 250 հազար դրամի ներդրում է կատարել «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում և ձեռք է բերել ընկերության բաժնեմասերի 25%-ը։

««Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 56,7%-ը պատկանում է Չիբուխչյանների ընտանիքին՝ Արտակ, Իրինա և Տիգրան Չիբուխչյաններին, որոնք նաև ընկերության հիմնադիրներն են։ ՓԲԸ-ի 14,72%-ը պատկանում է Ամուր Ավակյանին, 3,57%-ը՝ Արսեն Գաբրիելյանին։ «Ապագա տուր» և «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ները պատկանում են «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին։

«Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը «Ապագա փրոջեքթսում» ներդրում է  արել 2022-ի մարտին։ Ներդրման նպատակը Ենոքավան համայնքում «Յելլ էքստրիմ պարկի» նոր՝ մինչև 2,5 կմ երկարությամբ զիփլայն և մինչև 500 մետր երկարությամբ ռոլլերլայնի կառուցումն էր։ Ներդրման արդյունքում պետք է նաև մշակվեր «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի նոր մասնաշենքի նախագիծը։

Ներդրումն իրականացնելուց կարճ ժամանակ անց «Ապագա փրոջեքթսի» սեփականատերերի և «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի հարաբերությունները սրվել են։ Ըստ ընկերության ղեկավարների՝ պատճառը հիմնադրամի ներկայացրած վերջնագրերն են եղել։

2022 թվականի նոյեմբերի 10-ին «Ապագա փրոջեքթսում» ԱՆԻՖ-ի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն ընկերության սեփականատերերից Տիգրան Չիբուխչյանին գրած նամակում պահանջել է Արտակ Չիբուխչյանին ազատել «Ապագա տուր» ՍՊԸ-ի տնօրենի, Արսեն Գաբրիելյանին՝ «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ի, Տիգրան Չիբուխչյանին՝ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից։

ԱՆԻՖ-ը նաև պահանջել է «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին ծառայող, ընկերության գնահատմանը որպես եկամուտ գեներացնող բաղադրիչ հանդիսացող և բաժնետերերին /այլ անձանց/ պատկանող բոլոր հողամասերը տեղափոխել ընկերության հաշվեկշիռ։

Եթե չիրականացվեին «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջները, վերջինս սպառնում էր դուրս գալ ընկերությունից:

«Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջների մի մասը կատարվել է, սակայն դրանից հետո էլ  տարաձայնությունները չեն վերացել։ «Ապագա փրոջեքթսի» տնօրեն Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ ֆոնդի ներկայացուցիչներն ամեն կերպ խանգարել են իրենց աշխատանքը, չեն ներկայացել բաժնետերերի ժողովներին և այլն։

Ստացվում է, որ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» հիմնադրամի համագործակցության արդյունքում ոչ թե լուծվել են ընկերությունում առկա ճգնաժամերը, այլ խորացել են։ Մինչդեռ այս հիմնադրամի հիմնական նպատակը հենց ճգնաժամերի հաղթահարումն էր։ Ավելին, ներկայում «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, ինչպես նաև ԱՆԻՖ-ը,  լուծարման փուլում են։»,-գրում է աղբյուրը։

Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս