4 Հուլիսի, 2024
Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 19 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ աղբահանությունն ուշացումով է իրականացվում, աղբը տանելու դեպքում էլ դույլերի կողքին աղբակույտերը միևնույն է՝ մնում են: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է բնակչուհի Գոհար Խաչատրյանը, որն աշխատում է այդ հասցեում գործող Առողջության կենտրոնում:

Նրա խոսքով, տարիներ շարունակ աղբահանությունը պատշաճ չի իրականցվում, աղբադույլերը լցվում են, աղբը թափվում է փողոց: Ասում է՝ առավոտյան եկել, տարել են աղբը, բայց դույլերի կողքի աղբակույտերն այդպես էլ մնացել են:

«Աղբի այդ վիճակը բերում է նրան, որ առնետներն ու թափառող շներն են հավաքվում:  Ամռանը հատկապես գարշահոտություն է տիրում, աղբադույլերի կողքով հնարավոր չի լինում անցնել: Ժամանակ առ ժամանակ էլ կոյուղաջրերի հետ է խնդիր լունում: Գարնանը նման խնդիր եղավ: Պատկերացրեք՝ աղբի գարշահոտությունը ու կանալիզացիայի կեղտաջրերը»,-ասում է նա:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունը պատասխանում է՝ խնդիրը տեխնիկայի պակասն է, աղբահանության աշխատանքները ծանրաբեռնված գրաֆիկով են ընթանում:  «Առաջիկայում տեխնիկայի համալրում է նախատեսվում, և ակնկալվում է ՝ որ խնդիրը կկարգավորվի»,-հայտնում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից, սակայն շեշտում են՝ աղբահան մեքենաները նախատեսված չեն շինարարարկան աղբի տեղափոխման համար, միայն կենցաղային աղբն են հավաքում:

«Լինում են դեպքեր, երբ աշխատակիցները նաև այդ աղբն են հավաքում, որովհետև գիտեն, եթե չտանեն, այդպես ամիսներով կմնա, բայց դա նրանց պարտականությունների մեջ չի մտնում»,-քաղաքապետարանի աշխատակիցները հորդորում են բնակիչներին հնարավորինս խուսափել շինարարական աղբն ու տան հին գույքը աղբադույլերի կողքին թողնելուց:

 

 

kotayk

Լրահոս