11 Հունիսի, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել էին պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն դրսևորումների մի շարք դեպքեր։

Դեռևս 2023 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները բացահայտել են հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա․Ս․-ի  կողմից դատապարտյալին տարբեր ժամանակներում գումարի դիմաց արգելված իրեր փոխանցելու դեպք։

Ա․Ս․-ն ձերբակալվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մեկ այլ հաղորդագրությամբ 2024 թվականի փետրվարի 12-ին տեղեկացրել էինք, որ  Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության էին ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին և վերջինիս մոտից հայտնաբերել բջջային հեռախոսներ, որոնք նախապես վերցված գումարի դիմաց պետք է փոխանցեր կալանավորված անձի։

Խ․Մ․-ն ձերբակալվել էր Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այս գործով ևս նախաձեռնվել էր քրեական վարույթ։

2024 թվականի ապրիլի 15-ի հաղորդագրությամբ ՔԿԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները, նույնպես օպերատիվ տեղեկությունների իրացմամբ, զննության էին ենթարկել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ին՝ նրա մոտից հայտնաբերելով արգելված իրեր, որոնք գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին։

Է․ Ա․-ն ձերբակալվել էր Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն է հրապարակել այն մասին, որ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է։ Կոմիտեի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:

Վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեակատարողական ծառայողների կողմից արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը կրում է շարունակական բնութ։

kotayk

Լրահոս