22 Մայիսի, 2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու դա չի կիրառվում»։ «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերնայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել է Սիմոնյանը՝ եկեղեցու հոգևորականներին համեմատելով գործարարների հետ։

Սիմոնյանի հայտարարություններին արդեն արձագանքել են Սուրբ Էջմիածնից՝ այն անվանելով սուտ։ «Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,- հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Վերջին չորս տարիների եկեղեցու վճարած հարկերն ունեն հետևյալ պատկերը.

2020 – 378 մլն դրամ

2021 – 403 մլն դրամ

2022 – 450 մլն դրամ

2023 – 435 մլն դրամ

2024-ի 1-ին եռամսյակ – 147 մլն դրամ

Ընդ որում, Հայ առաքելական եկեղեցու վճարած հարկերի կառուցվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ դրանց հիմնական մասը եկամտահարկն է, սակայն 2023 և 2024 թվականներին եկեղեցին որոշակի մուտքեր է ապահովել բյուջե նաև մաքսատուրքերի մասով։

Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում։ Օրինակ, Հայ առաքելական եկեղեցու հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր այս ընթացքում կառավարությունը (համակարգող փոխվարչապետի գրասենյակը) որակել է բարեգործական, ինչը արտոնություններ է սահմանում հարկերի, տուրքերի գծով։

Ավելին՝ Civilnet.am

kotayk

Լրահոս