18 Մայիսի, 2024

Այսօր Թանգարանների միջազգային օրն է և նշվում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները:

Թանգարանների միջազգային խորհուրդը որպես 2024 թվականի միջազգային օրվա հիմնական ուղերձներ սահմանել է կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը:

«Հայաստանում 2024 թվականը նշանակալից էր թանգարանների ոլորտի բարեփոխումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ Հատկանշական է, որ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը: Յուրաքանչյուր տարի հայաստանյան թանգարաններն իրականացնում են բազմաբնույթ կրթական և հետազոտական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային և սոցիալական լսարանների համար: 2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններում իրականացվել է շուրջ 1250 կրթական ծրագիր, որին մասնակցել է 30 600 այցելու»,- նշում են ԿԳՄՍ նախարարությունից:

kotayk

Լրահոս