16 Մայիսի, 2024

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում մեկ անգամ ևս անդրադարձել է հարերի վճարմանը և ընդգծել դրա կարևորությունը. «Հարկն այն չէ, որ մարդն իր գրապանից հանում և դնում է ուրիշի գրպանը, այլ մարդն իր մի գրպանից հանում է և դնում մյուս գրպանը: Եվ սա պետական ընկալում է, որը մենք պետք է խորացնենք: Մարդիկ չպետք է պոկեն իրենցից հարկ վճարելիս, մարդը պետք է հասկանա, որ հարկ վճարելով իր, իր երեխաների և նույնիսկ չծնված թոռների, ծոռների բարեկեցությունն ու անվտանգություն է ապահովում, իհարկե, չմոռանալով կառավարության պարտավորությունը՝ այդ հավաքված գումարները ծախսել հնարավորինս արդյունավետ»:

Այդ համատեքստում Փաշինյանը կարևորել է նաև կրթության բարեփոխումների իրականացումը. «Կրկին պետք է վերադառնանք կրթության բարեփոխումներին: Ինչ ենք մենք սովորում և ինչ ենք սովորեցնում մեր երեխաներին: Մենք սովորեցնում ենք գիտելիքներ, որոնք սովորեցնում են ոչ թե ապրել, այլ՝ չապրել: Այն սովորեցնում է ոչ թե ապրել և վայելել կյանքը, այլ՝ տառապել: Մեր կրթական ավանդույթի մեխն այդ է, որ մենք պետք է սովորեցնենք երեխաներին ինչպես տառապել, նույնիսկ այն պայմաններում, երբ չկա տառապանքի պատճառ՝ դու պարտավոր ես գտնել տառապելու պատճառ: Դա է այն հիմանական նպատակը, որ դնում ենք մեր առաջ և հաջողությամբ իրագործում: Այդտեղ է, որ մենք անգերազանցելի հաջողություններ ունենք: Բայց մեր քաղաքական թիմի փորձը և տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի: Ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է, այն մասին է, որ տառապելը ՀՀ-ում պետք է չլինի գերնպատակ, ապրելը, ստեղծագործելը, հարստանալն ու հարստացնելը, զարգանալը և զարգացնելը պետք է լինի ՀՀ-ում գերնպատակ: Եվ սա է, որ մենք պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն: Ու մենք սա անում ենք և անելու ենք, ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»:

kotayk

Լրահոս